Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը քննարկում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցության հնարավորությունը


Հայ հեղափոխական դաշնակցության կառույցներում արդեն քննարկումներ են սկսվել Երեւանի քաղաքապետի եւ ավագանու առաջիկա ընտրություններում կուսակցության հնարավոր մասնակցության շուրջ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այդ մասին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

Նշելով, որ Դաշնակցությունը ակտիվորեն կմասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին, Հրայր Կարապետյանը պարզաբանեց. - «Մեր մասնակցության երկու տարբերակ կա: Մեկը՝ առանձին ցանկով, մյուսը՝ կոալիցիոն ցանկով»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս առիթով հիշեցրեց, որ «կոալիցիոն հուշագրում ամրագրված է, որ ռազմավարական կարեւորության խնդիրները նախ պետք է կոալիցիան քննարկի»: Քաղաքապետի թեկնածության վերաբերյալ քննարկում, ըստ պատգամավորի, առայժմ չի եղել:

«Երբ որ կքննարկվի կոալիցիայում, այդ ժամանակ էլ կկարողանանք ավելի հստակ պատասխանել քաղաքապետի թեկնածությանը եւ Բարգավաճի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցերին», - նշեց Զոհրաբյանը:

Ընդունված օրենքի համաձայն մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 6-ը Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները պետք է ավարտված լինեն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG