Մատչելիության հղումներ

850 հազար եվրո` Տավուշի մարզում ներառական կրթության զարգացման համար


Ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի բոլոր դպրոցները երեք տարվա ընթացքում կդառնան նաեւ ներառական, այսինքն` միեւնույն ժամանակ իրենց հարկի տակ կընդունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: Այս երեխաների համար մատչելի ու որակյալ կրթություն ապահովելու նպատակով Նորվեգիայի կառավարության կողմից հատկացվել է 850 հազար եվրո:

«Ծրագրի շրջանակներում մշակվելու են ներառական կրթության որակի չափանիշներ ու գնահատման մեխանիզմներ, օրենսդրական եւ նորմատիվ փաստաթղթեր: Մենք այսօր ունենք ընդամենը 31 ներառական դպրոց, ինչը մեզ համար շատ փոքր թիվ է», - ասաց կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:

«Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպությունը 2003 թվականից Հայաստանում պատրաստում է հատուկ ծրագրեր առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

«Մինչ այսօր մենք ոլորտի զարգացման համար ծախսել ենք ավելի քան 1 միլիոն եվրո: Մենք այս երեք տարվա ընթացքում կստեղծենք ներառական կրթության զարգացման մի մոդել, որը հետագայում հնարավոր կլինի ներդնել մյուս մարզերում եւ քաղաքներում», - հավելեց կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները:

Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզի 4 քաղաքային դպրոցներում արդեն իսկ իրականացվում է ներառական կրթություն:

Նա նշեց, որ մարզի հատուկ դպրոցներում սովորում են 147 աշակերտներ:

Տավուշի մարզի բոլոր դպրոցները ծրագրի ավարտին կստանան «ներառական դպրոց» պաշտոնական կարգավիճակ եւ հավելյալ գումարներ պետության կողմից:


Լիանա Մնացականյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG