Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հիասթափված է Ղրղըզստանի վճռից


Ղրղըզստանի կառավարության խոսնակ Այբեկ Սուլթանգազիեւն այսօր հայտարարել է, որ Մանասի ռազմաօդային բազան ամերիկացի զինվորականերից կես տարվա ընթացքում ետ վերցնելու մասին որոշումը վերջնական է եւ անբեկանելի:

Երեկ արտգործնախարար Իգոր Խուդինովն ասել էր, որ կառավարության որոշման հիմքում մի քանի դրդապատճառներ են:

«Նախ եւ առաջ, ռազմակայանի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2001 թվականին, ընդ որում՝ մեկ տարով, բացի այդ, իրավիճակն Աֆղանստանում փոխվել է», - նշել է, մասնավորապես, Ղրղըզստանի արտգործնախարարը:

Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հիասթափություն է հայտնել Ղրղըզստանի ղեկավարության ընդունած որոշման առիթով:

«Ափսոսանքով ենք փաստում, որ Ղրղըզստանի կառավարությունը հիմա նման հարց է քննարկում: Հուսով ենք շարունակել բանակցությունները նրանց հետ, բայց, բոլոր դեպքերում, մենք մեր առաքելությունը կշարունակենք` անկախ Ղրղըզստանի կառավարության քննարկումների արդյունքից», - ասել է Քլինթոնը:

Արդեն այսօր Տաջիկստանում Միացյալ Նահանգների դեսպան Թրեյսի Էնն Ջեքոբսոնն ասել է, որ նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ քննարկել է Տաջիկստանի տարածքով Աֆղանստանի ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը:

Մանասում ամերիկյան ռազակայանը փակելու մտադրության մասին Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը խոսել էր օրերս Մոսկվայում:

Բակիեւը Մոսկվայում նաեւ ձեռք է բերել Ռուսաստանի կողմից Ղրղըզստանին 2 միլիարդ դոլարի վարկ հատկացնելու համաձայնություն: Պաշտոնական Բիշքեկը պնդում է, որ դա որեւէ առնչություն չունի Մանասի ռազմակայանի վերաբերյալ ընդունված որոշման հետ:

Ղրղըզստանը հայտնել է, թե իր ուժերն է տեղակայելու Մանասում, մինչդեռ կան հաղորդագրություններ, որոնց համաձայն, ռազմակայանը կտրամադրվի ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստեղծելիք արագ արձագանքման միացյալ զորամիավորմանը:

Այդուհանդերձ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե պաշտոնական Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին աջակցել Ռուսաստանի տարածքով Աֆղանստան ոչ ռազմական նշանակության բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG