Մատչելիության հղումներ

Գրիգոր Հովհաննիսյանը` Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար


Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանը փետրվարի 1-ին նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության այսօրվա հաղորդագրության համաձայն` Գրիգոր Հովհաննիսյանը 38 տարեկան է, ավարտել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում, Ֆլեթչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում ստացել է մագիստրոսի կոչում:

1994-2006 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի համակարգում` Հայաստանում, Կոնգոյում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում:

2006-2009 թվականներին աշխատել է որպես «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն եւ ԵՊՀ-ի արաբագիտության ամբիոնի դասախոս:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Լոս Անջելեսում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը ետ է կանչվել` պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG