Մատչելիության հղումներ

Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովը


Մյունխենում այսօր մեկնարկում է անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ, հիսունից ավելի բարձրաստիճան դիվանագետներ ու պատվիրակություններ: Հայաստանը խորհրդաժողովում կներկայացնի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Խորհրդաժողովում քննարկվելիք առանցքային հարցերն են` Իրանի միջուկային ծրագիրը, ՆԱՏՕ-ի հետագա ծրագրերը, էներգետիկ խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջո Բայդենը: Սա Սպիտակ տան նոր վարչակազմի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է, որի ընթացքում փորձագետները փոխնախագահ, փորձառու դիվանագետ Ջո Բայդենից ակնկալում են ընդարձակ ելույթ` նոր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ:

«Ելույթը կանդադառնա այն խնդիրներին, որոնց շուրջ նախորդ վարչակազմի օրոք Վաշինգտոնը լարված հարաբերությունների մեջ էր աշխարհի մի շարք պետությունների հետ», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Սպիտակ տան դիվանագետներից մեկն ու ընդգծել. - «Մենք շատ լրջորեն ենք մոտենում այդ հարցին, քանի որ հասկանում ենք` ըստ էության, աշխարհում չկա մի խնդիր, որը Միացյալ Նահանգները կարող է լուծել միայնակ»:

Մասնավորապես, դիվանագետները ակնկալում են, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը ընդգծված ուղերձով կդիմի պաշտոնական Մոսկվային, որի հետ հարաբերությունները սրվել էին նախագահներ Պուտինի եւ Բուշի օրոք:

«Ես ազդակներ եմ տեսնում, որ թե’ Միացյալ Նահանգները, թե’ Ռուսաստանը ցանկանում են հարաբերությունների նոր փուլ սկսել», - գերմանական մամուլին տված հարցազրույցում ասել է միջազգային խորհրդաժողովի նախագահ Վոլֆանգ Իշինգերը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, իր հերթին, դրական ազդակ է համարել Ռուսաստանի վերջին որոշումը` հետաձգել Lեհաստանի սահմանին «Իսկանդեր» հրթիռների տեղաբաշխման ծրագիրը, որը, ըստ էության, ուղղված էր Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու` պաշտոնական Վաշինգտոնի պլանների դեմ:

«Ժամանակն է, որ բոլոր կողմերը այժմ միասին քննարկեն աշխարհի անվտանգությանը սպառնացող հարցերը եւ համատեղ գտնեն դրանց լուծումները», - ընդգծել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Ռուսաստանից այս անգամ խորհրդաժողովին կմասնակցի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը. առայժմ, սակայն, հստակ չէ` արդյո՞ք կկայանա ռուս -ամերիկյան դեմ առ դեմ հանդիպում:

Պաշտոնական Մոսկվային հասցեագրված ուղերձից բացի, ըստ փորձագետների, Բայդենը կդիմի նաեւ եվրոպական գործընկերներին եւ կհորդորի շարունակել ֆինանսական ու ռազմական աջակցությունը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG