Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամը 2009-ի համար մեծ ծրագրեր ունի


«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նույն ինքը` «Արթուր արքան», մարտի 14-ին Գերմանիայի Քիլ քաղաքում մենամարտելու է ամերիկացի բռնցքամարտիկ Լախուան Սիմոնի հետ:

«Ես մեծ ծրագրեր ունեմ 2009-ի համար, սկսելու եմ Սիմոնից, իսկ տարեվերջին կուզենամ դառնալ միջին քաշում սուպերչեմպիոն», - ասել է Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում շահել է իր անցկացրած բոլոր 28 մենամարտերը, ընդ որում դրանցից 23-ը՝ նոկաուտով:

Լախուան Սիմոնը 29 տարեկան է, իր 24 հաղթանակներից 12-ը ավարտել է նոկաուտով, բայց, ինչպես «Ֆրանսպրես»-ն է նշում, ամերիկացի բռնցքամարտիկը միջին քաշում դեռ ոչ մի անգամ չի մրցել հայտնի եւ հեղինակավոր մարզիկի հետ:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ` «Արթուր արքան» ցանկանում է այսպես կոչված «միավորող» մարտ անցկացնել WBC եւ WBO վարկածներով չեմպիոն Քելլի Պավլիկի հետ եւ հաղթանակի դեպքում դառնալ միջին քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն: Արթուր Աբրահամի մենեջեր Քրիս Մեյերն ասել է, որ այժմ բանակցում է Պավլիկի մենեջերների հետ:

«Ես չեմ թույլ տա Սիմոնին՝ խոչընդոտել Պավլիկի հետ մրցելու իմ ծրագիրը, ինչպես անցյալ տարի եղավ՝ ես Քիլում հաղթելու եմ, այդ քաղաքից միայն լավ հիշողություններ ունեմ, անցալ տարվա մարտին այնտեղ եմ նոկաուտով տապալել Էլվին Այալային», - ասել է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG