Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների եւ առաջ քաշված վարկածների վերաբերյալ:

«Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի` ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին եւ սա էլ մենք պետք է գիտակցենք: Պետք է գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք: Մեր գործողությունները պետք է բխեն նաեւ այս հանգամանքից», - ասել է, մասնավորապես, նախագահը:

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ դեպքի առթիվ ստեղծված քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը զեկուցել են դեպքի մանրամասները եւ այդ առնչությամբ տարվող քննության հիմնական ուղղությունները:

Նախագահը հանձնարարել է պարբերաբար զեկուցել քննության արդյունքերի մասին եւ ձեռնարկել բոլոր միջոցները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Գեւորգ Մհերյանը դիմահար կրակոցներով սպանվել է փետրվարի 3-ի երեկոյան` իր տան մուտքի մոտ:

34-ամյա Գեւորգ Մհերյանը փոխոստիկանապետ էր նշանակվել անցած տարվա հուլիսին: Մինչ այդ Մհերյանը Հայաստանի նախագահի` իրավական հարցերով օգնականն էր:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG