Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 500 միլիոն դոլարի կայունացման վարկ կտրամադրի Հայաստանին


Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի կայունացման վարկ կտրամադրի` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` Լոնդոնում բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Կուդրինը նշել է նաեւ, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՊՀ-ի երկրներին:

«Մենք օգնելու ենք հարեւան երկրներին, որոնց հետ աշխատում ենք», - ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:

Այդ երկրների թվում նա նշել է Բելառուսը, որին տրամադրվում է 2 միլիարդ դոլար, Ղրղըզստանը, որը կստանա ավելի քան 2 միլիարդ դոլար, եւ Հայաստանը, որին կհատկացվի 500 միլիոն դոլար:

Հունվարի վերջին Կուդրինը հայտնել էր, որ Հայաստանը Ռուսաստանին է դիմել կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով: Այն ժամանակ վարկի հնարավոր գումարը չէր նշվել:

Հայաստանի ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին, որ երկու երկրների պաշտոնատարները այժմ քննարկում են վարկի տրամադրման պայմանները:

Ալեքսեյ Կուդրինը ավելի վաղ հայտարարել էր, ու երկրի պետբյուջե եկամուտները այս տարի կրճատվելու են մոտ 40 տոկոսով: Այդուամենայնիվ, Ռուսաստանը ֆինանսական օգնություն է ցուցաբերում նախկին խորհրդային երկրներին:

Ըստ որոշ վերլուծաբանների, Բելառուսի դեպքում Մոսկվան ստացել է պաշտոնական Մինսկի համաձայնությունը մի շարք կարեւոր հարցերում, ասենք` ռուբլու գոտի մտնելու, Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու: Ու, թերեւս ամենակարեւորը` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գարնանը երկրի խորհրդարանը կքննարկի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հարցը:

Ղրղըզստանի դեպքում, ըստ վերլուծաբանների, ամեն ինչ ավելի պարզ է. երկու օր առաջ Մոսկվայում նախագահ Բակիեւը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին այլեւս թույլ չի տալու օգտագործել Մանասի ռազմաօդային բազան:

Ըստ «Կարնեգի» կենտրոնի մոսկովյան գրասենյակի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի, «լուրջ չէ կարծել, թե ներկայիս Ռուսաստանը որեւէ մեկին իսկապես կօգնի»: Եթե խոսքը վարկերի մասին է, ապա, Մալաշենկոյի խոսքով, «ինչ-որ գումար լուրջ զիջումների դիմաց Մոսկվան կարող է տալ», ինչպես, ասենք, Ղրղըզստանի դեպքում. - «Դուք հանեք նրանց բազաները, դրա դիմաց մենք ձեզ փող կտանք»:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG