Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպանը հրաժարական է տվել


ԵԱՀԿ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն հրաժարական է տվել: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմումը նա ուղարկել է Վրաստանի արտգործնախարարին` իր քայլը հիմնավորելով երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքականության հետ առկա տարաձայնություններով:

Դոլիձեն խոստացել է երկրի ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ մանրամասները հրապարակել հաջորդ շաբաթ` Թբիլիսի վերադառնալուն պես: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հեռախոսազրույցում նա, այնուհանդերձ, նշել է, որ անհամաձայնությունը սկսվել է վրաց - օսական օգոստոսյան պատերազմից հետո, ինչն ինքը «աղետալի սխալ է» համարում:

Վրացական լրատվամիջոցները նշում են, որ դեսպանի հրաժարականն ամենեւին անակնկալ չէր, որովհետեւ վաղուց էին շրջանառվում լուրեր դիվանագիտական աշխատանքը թողնելու եւ ընդդիմադիր քաղաքական դաշտ անցնելու` Վիկտոր Դոլիձեի ծրագրերի մասին: Դեսպանը, ըստ հրապարակումների, մտադիր է միանալ նախկին գործընկերոջը` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիային, ով դեկտեմբերի սկզբին հրաժարական տվեց, դարձավ ընդդիմադիր եւ այժմ համարվում է Վրաստանի նախագահի պաշտոնի ամենաբարձր վարկանիշ ունեցող հավակնորդներից մեկը:

Ալասանիան եւս իր ընդդիմադիր գործունեությունը սկսեց օգոստոսյան պատերազմի համար Սահակաշվիլիին մեղադրող ելույթներով, եւ այժմ երկրի նախագահի շուտափույթ հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը նրա կարգախոսն են: Իրակլի Ալասանիան այժմ ձեւավորում է իր թիմը, եւ, ըստ կանխատեսումների, Վիկտոր Դոլիձեն կդառնա դրա առանցքային դեմքերից մեկը:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն լրատվամիջոցներին ասել է, որ փորձել է Դոլիձեին համոզել փոխել որոշումը, բայց` ապարդյուն: Իսկ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Ակակի Մինաշվիլին Դոլիձեի այս քայլը որակել է «ոչ նպատակահարմար», քանի որ, ըստ նրա, ներկայումս Վիեննայում ակտիվ աշխատանք է տարվում Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքը վերսկսելու ուղղությամբ:

Վրաստանում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը մեկ ամսից ավելի է չի գործում, քանի որ առաքելության մանդատը երկարաձգելու հարցում Ռուսաստանն ու Վրաստանն այդպես էլ համաձայնության չեկան:

Դեկտեմբերի 22-ին Ռուսաստանն արգելափակեց մանդատի երկարաձգումը` պահանջելով հաշվի առնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նոր կարգավիճակը, իսկ Վրաստանը չհամաձայնեց, որ ԵԱՀԿ-ն անջատողական տարածաշրջաններում առանձին առաքելություններ ունենա:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG