Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փակագիծ»-ը գրում է. - «Լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը ողջամիտ ժամկետներում չբացահայտելու դեպքում իշխանությունները կարող են բարձրացնել հանրապետության ուժային կառույցների ղեկավարներից ոմանց պաշտոնանկության հարցը: Համենայն դեպս, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, իշխանական բարձրաստիճան միջանցքներում արդեն խոսվում է նման հարցի բարձրացման անհրաժեշտության մասին, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը բավականին մտահոգություններ է առաջացրել իշխանական շրջանակներում հենց սեփական անվտանգության նկատառումներով»:

«Ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ Nurol Machinery and Industry inc. պաշտպանական տեխնիկա արտադրող թուրքական ընկերությունը` Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո, որոշել է Հայաստանին վաճառել ջրցան մեքենաներ: Nurol ընկերության փոխտնօրեն Թանջու Թորունը նախօրեին Հայաստանին հատկացվելիք ջրցան մեքենաների ցուցադրության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն անցյալ տարի դիմել էր ընկերությանը` ջրցան մեքենաներ գնելու նպատակով: Թորունը չի հստակեցրել, թե քանի ջրցան մեքենա է գնել Հայաստանը, սակայն նշել է, որ բանակցությունները դրական ելք են ունեցել, եւ գնի շուրջ թուրքական կողմը մեծ զիջումների է գնացել: Առավել ուշագրավ է այն փաստը, որ թուրքական կողմը որոշել է վերջնական գործարքը կնքել ապրիլի 24-ին»:

«Ազգ»-ի խմբագրականը անդրադարձել է Գեւորգ Մհերյանի սպանությանը. - «Անշուշտ բոլոր երկրներում էլ կարող են նման բաներ պատահել, եւ ավելի շատ։ Այն տարբերությամբ սակայն, որ այդ երկրներում, նույնիսկ Իտալիայի նման երկրում, այսպիսի դեպքերին հաջորդում են անվտանգության մարմինների արդյունավետ գործողություններ, երբեմն` պաշտոններից հրաժարում, պատասխանատվության զորաշարժ, հանրության հետ բաց խոսակցություն եւ բացատրություններ, եւ ի վերջո, նույնիսկ տարիներ անց, հանցավորների բացահայտում։ Իսկ մեզ մոտ` ընդամենը մի կարճ հաղորդագրություն` «քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն»։ Խոսքեր, որոնք բնավ չեն սփոփում հասարակության անպաշտպանվածության զգացողությունը։ Ընդհակառակը, նախընթաց եւ նմանօրինակ շատ դեպքերի չբացահայտված մնալը հիշում եւ հիշեցնում են բոլորը, ավելի եւս հուսահատեցնելով միմյանց»։

Նույն խնդրին է անդրադարձել «Հայոց Աշխարհ»-ը: Թերթը գրում է. - «Ըստ օպերատիվ-քննչական խմբի ղեկավարի, խմբի հիմնական աշխատանքային վարկածն այն է, որ Մհերյանի սպանությունը կատարվել է նրա ծառայողական գործունեության հետ կապված։ Սակայն, միաժամանակ, ստուգվում են այլ վարկածներ նույնպես, ինչպես, օրինակ, նախկին աշխատանքային գործունեության հետ կապված (վրեժ լուծելու նպատակով), ներկա աշխատանքային գործունեության հետ կապված՝ դարձյալ վրիժառության նպատակով, ինչպես նաեւ սպանություն՝ կապված նրա անձնական, ընտանեկան, ընկերական հարաբերությունների, հանգամանքների հետ»։

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ ԵԽԽՎ-ի նիստից վերադառնալուց անմիջապես հետո Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը մեկնել են Վրաստան եւ այնտեղ հանդիպել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ։ Պարոն Ադոնցի ներկայացմամբ՝ փորձագետների հետ քննարկվել են 300 եւ 225 հոդվածների փոփոխություններին վերաբերող հարցեր. «Քննարկել ենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ հոդվածների փոփոխությունները»։ Թերթի հարցին՝ մի՞թե արդեն կար փորձագետներին ներկայացնելու կոնկրետ փաստաթուղթ, Ավետ Ադոնցը պատասխանեց. «Կոնկրետ ներկայացնելու բան կունենանք երեւի 7-10 օրից, եւ հիմա ասել, թե ինչպես ենք պատկերացնում այդ փոփոխությունները, չեմ կարող, որովհետեւ դեռ մի քանի օր էլ պետք է, որպեսզի ձեւավորվի այդ փոփոխությունների կոնցեպցիան, եւս մի քանի օր էլ՝ որ դրանք մշակվեն»։

«168 ժամ»-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ: Նա ասում է. - «Ափսոս են այդ արտաքին ռեզերվները, որ ուղղվում են դրամի կայունության ապահովմանը: Մինչդեռ մեզ վաղուց էր անհրաժեշտ թույլ տալ, որ դրամը սահուն արժեզրկվեր: Ի վերջո, մի գեղեցիկ օր մենք չենք կարողանա պահպանել այս կայունությունը: Կարիքը չկա այսօր արտաքին պահուստներ կորցնել: Դրանք մեզ դեռ պետք են գալու: Համահարթեցնելու առումով Կենտրոնական բանկը միշտ էլ ինտերվենցիաների կարիք ունենալու է: Հիմա արտարժույթի արտահանման վտանգ է առաջանում, որովհետեւ այսօր Հայաստանում դոլարը ամենաէժան ապրանքն է: Հարեւան որեւէ այլ երկրում դոլարն այդքան էժան չէ»:

«Կապիտալ» օրաթերթը հիշեցնում է, որ երեկ Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Լոնդոնում հայտարարել է, որ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի տրամադրել 500 միլիոն դոլարի կայունացնող վարկ: Ըստ Կուդրինի, վարկեր են տրամադրվելու նաեւ Ղրղըզստանին` 2 միլիարդ, Բելառուսին, որին նույնպես հատկացվում է 2 միլիարդ: «2 մլրդ դոլար ռուսական վարկի տրամադրումը Ղրղըզստանին մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանն ինքն է ճգնաժամի մեջ, միանգամայն քաղաքական քայլ է։ Նախ, եթե հանուն 2 միլիարդի ղրղըզներն ստիպված են այնպիսի լուրջ զիջման գնալ, ինչպիսին ԱՄՆ-ի գլոբալ շահերին հակադրվելն է, ապա որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանին եւս վարկ տրամադրելով՝ Մոսկվան խիստ քաղաքական պահանջներ չի ներկայացնի։ Հիշենք, որ շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ստիպված էր «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին հանձնել մի շարք կարեւոր ռազմավարական օբյեկտներ, այն դեպքում, երբ Մոսկվան «հաճույքով» ներում էր մի շարք արաբական եւ աֆրիկյան երկրների բազմամիլիարդանոց պարտքերը»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG