Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանը շարունակում է քննարկել դատաիրավական ոլորտում առաջարկվող փոփոխությունները


Ազգային ժողովի նիստում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը այսօր ներկայացրեց կեսօրին առաջին ընթերցմամբ ընդունված` Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Օրինագիծը պատգամավորներին էր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Առաջին ընթերցմամբ անցած փաթեթի նորամուծություններից մեկի համաձայն, հստակեցվում էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում ամբաստանյալին դատարանի դահլիճից հեռացնելու կարգը: Մասնավորապես, օրինագիծը հնարավորություն էր ստեղծում դատական սանկցիա կիրառելուց եւ ամբաստանյալին դահլիճից հեռացնելուց հետո դատական նիստը շարունակել առանց վերջինիս ներկայության:

Արդարադատության նախարարը իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ օրինագծի ներկա ընթերցմամբ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ երկարատեւ դատաքննության դեպքում «ամբաստանյալն ընդհանրապես կարող է զրկվել դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»:

«Այդ իսկ նկատառումով առաջարկել ենք, որպեսզի առավելագույն ժամկետը լինի մինչեւ 10 օր, իսկ ինչպես գիտեք՝ գործող օրենսդրությամբ, մասնավորապես, Դատական օրենսգրքի 63-րդ հոդվածով եւ Քրեական դատավարության օրենսգրքի 314.1 պրիմ հոդվածով այդ ժամկետը 14 օր է: Բացի այդ, եթե ամբաստանյալը հրաժարվում է իր պաշտպանից, ապա նոր պաշտպան նշանակելը դառնում է ոչ թե դատավորի հայեցողական իրավունքը, այլ պարտականությունը՝ չընդունելու այդ հրաժարումը եւ նշանակելու նոր պաշտպան կամ պահպանելու արդեն իսկ նշանակված պաշտպանի լիազորությունները»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով օրինագիծը, որը հնարավորություն է ստեղծում դատաքննություն անցկացնել առանց մեղադրյալի ներկայության:

«Այս վատ նախադեպը՝ առանց ամբաստանյալների դատաքննություն անցկացնելը ոչ միայն վերաբերվելու է 7-ի գործով դատաքննությանը, այլ՝ վաղը, մյուս օրը, նման ապօրինությունները շարունակվելու են, եւ այն իշխանությունը, որը այսօր ներկայացված է, կարող է զոհ դառնալ նման ապօրինությունների», - հայտարարեց Փոստանջյանը:



Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG