Մատչելիության հղումներ

Հայաստանում ավելացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը


Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի, վերջին մի քանի տարում Հայաստանում շեշտակի աճել են կանանց մոտ կրծքագեղծի քաղցկեղի դեպքերը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է թոքի քաղցկեղը:

«Կրծքագեղձի քաղցկեղի աճման տեմպերը արդեն գերազանցում են թոքի քաղցկեղի աճման տեմպերին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Գալստյանը: - «Եվ եթե 2-3 տարի առաջ թոքի քաղցկեղով հիվանդացությունը առաջին տեղում էր, հատկապես տղամարդկանց մոտ, ապա հիմա երկու սեռերը միասին վերցրած գրեթե հավասար մակարդակի վրա է: Եթե 2007-ին արձանագրվել է 7200-7200 առաջնային հիվանդ, ապա 1300-ը դրանցից եղել են թոքի քաղցկեղով հիվանդներ, 1100-ը` կրծքագեղձի քաղցկեղով»:

Ըստ Հայրապետ Գալստյանի, հիվանդության տարածման առաջնային պատճառներից են ծխախոտի ծուխն ու անորակ սնունդը: Թոքի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը ծխողներ են:

«Սննդին տրվում է մոտավորապես 35 տոկոս պատճառագիտություն: Ծխելուն հասնում է 30 տոկոս, ինֆեկցիոն հիվանդություններին` 10-15 տոկոս... Սրանք տարբեր երկրների տվյալներն են եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները», - հավելեց Գալստյանը: - «Մնացածը արդեն պրոֆեսիոնալ պատճառներ են, գենետիկ պատճառներ են եւ այլն»:

«Ազատություն» ռադիոկայանի փոքրիկ հարցախույզը Երեւանի փողոցներում վկայում է, որ մարդիկ այդ հիվանդությունների աճը կապում են ստրեսային իրավիճակների եւ շրջակա միջավայրի աղտոտվածության հետ:

«Չգիտես` էսօր ինչ կփոխվի, վաղը ինչ կփոխվի, եւ ինչ անակնկալ կլինի` վատ իամստով», - ասաց միջին տարիքի մի կին` հավելելով. - «Ում հանդիպում ես, միայն դժգոհություն ես լսում»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը նույնպես համարում է, որ ստրեսային իրավիճակները եւ կանաչ տարածքների բացակայությունը մեծապես նպաստում են այս հիվանդությունների տարածմանը:

«Առաջ, երբ գոյություն ունեին այդ բոլոր գազոնները, դրանք ծանր մետաղների օքսիդները կլանում էին», - ասաց նա: - «Հիմա դրանց փոխարեն կաֆեներ են... »:

Ուռուցքաբանության կենտրոնը այժմ մշակում է մի ծրագիր, որի հիմնական նպատակը չարորակ ուռուցքներով հիվանդացության եւ մահացության նվազեցումն է: Մի քանի ամսից ծրագիրը կներկայացվի առողջապահության նախարարություն:

Առաջին նախապայմանը չարորոկ ոռուցքների բուժման հարցում դրանց վաղ հայտնաբերումն է: Գալստյանի փոխանցմամբ, այսօր բազմաթիվ բարձիթողի դեպքեր են հանդիպում, քանի որ պրիֆիլակտիկ հետազոտությունները շատերի համար մատչելի չեն:

Չարորակ ուռուցքների բուժումը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում` անվճար: Հարցին, թե բավարար են արդյոք պետության տրամադրած գումարները Գալստյանը արձագանքեց. - «Ոչ, չի կարող բավարարել: Եթե հիվանդը հայտնաբերվի հիվանդության զարգացման առաջին փուլում, լրիվ կբավարարի: Բայց երբ երկրորդ ու հաջորդ փուլերն են` իհարկե, չի կարող»:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG