Մատչելիության հղումներ

Տաքսու վարորդները շարունակում են բողոքել


Տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդներն այսօր հերթական անգամ էին հավաքվել Երեւանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

«[Պահանջում ենք], որ ֆիքսվի հաստատագրված մի այնպիսի գումար, որ բոլորը կարողանան մուծել», - իրենց պահանջը հստակեցրեց վարորդներից մեկը:

Որոշ ժամանակ կանգնելուց հետո վարորդներից մի քանիսը որոշեցին հավաքվածների պահանջները ներկայացնել Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ խուսափելով ամբողջ խմբով դեպի կառավարության շենքը երթ կազմակերպելու մտադրությունից, ինչը, նրանցից ոմանց կարծիքով, կարող էր ոստիկանության հետ խնդիրներ առաջացնել:

2007 թվականի մարտին ընդունված կառավարության որոշմամբ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները եւ անհատ վարորդները պարտավոր էին մեքենաներում հսկիչ դրամարկղային մեքենաներ եւ սակաչափիչներ տեղադրել, վճարել 200,000 դրամ պետական տուրք արտոնագիր ստանալու համար: Անհատ վարորդները պարտավոր էին գրանցվել որպես անհատ ձեռներեց՝ իրենց գործունեությունը օրինական կերպով շարունակելու համար: Կառավարությունը նաեւ սահմանել էր տաքսի ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող մեքենաների առավելագույն տարիք՝ 10 տարի:

2007-ի հուլիսին տաքսու վարորդների նախաձեռնած ցույցերի արդյունքում այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշման կիրարկումը հետաձգեց մինչեւ 2008 թվականը:

Անցած տարվա նոյեմբերին տաքսու վարորդների ցույցերը վերսկսվեցին: Անհատ վարորդները, մասնավորապես, պնդում էին, որ չի կարելի հավասարության նշան դնել իրենց եւ տաքսի ծառայությունների միջեւ՝ երկու դեպքում էլ արտոնագրի համար պահանջելով 200,000 դրամ պետական տուրք:

2008-ի դեկտեմբերին կառավարության որոշմամբ անհատ վարորդների համար սահմանվեց 25,000 դրամ արտոնագրային վճար՝ նախկին 200,000-ի փոխարեն, վերացվեց սակաչափիչից զատ նաեւ հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրելու պահանջը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG