Մատչելիության հղումներ

Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն-2008. հայտնի են հիմնական անվանակարգերն ու հավակնորդները


«Տարվա լավագույն երգիչ» եւ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգերում այս տարի նախօրոք հայտագրված հավակնորդներ չկան, ժյուրին նրանց առաջադրելու եւ ընտրելու է մրցանակաբաշխության օրը:

«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված է 8 ստեղծագործություն` «Կատուներ»` «Օրոր» (ռեժիսոր` Դավիթ Սահակյանց), Կամո Սեյրանյան` «Երջանկություն նորապսակներին» (ռեժիսոր` Արման Գեւորգյան), Արսեն Սաֆարյան` «Հուշերի քաղաք» (ռեժիսոր` Սուրեն Թադեւոսյան), Արամե` «Առավոտ» (ռեժիսոր` Սյոմա Կոդաբաշյան), Հայ թիմի Հայկո` «Քոչարի» (ռեժիսոր` Արեն Բայադյան), Ալլա Լեւոնյան` «Գնա ու կռվիր» (ռեժիսոր` Դավիթ Բաբայան), Հայկո` «Բարեւ, երջանկություն» (ռեժիսոր` Միհրան Ստեփանյան), եւ Նազենի, Սոֆի, Արմինկա` Kivera Naynomis (ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան):

«Տարվա հիթ» անվանակարգում կրկին պայքարելու են 8 ստեղծագործություններ` Շպռօտի «Եղիր ազատ», «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քո ձեռքը տուր ինձ», Վարդան Բադալյանի «Ետ արի», Արամեի «Առավոտ», Հ.Տ. Հայկոյի «Քո ցավը տանեմ», Նարեկ Բավեյանի եւ Միշոյի «Կլինես իմը», Արսենի «Քո ծնունդն է այսօր» եւ Արմինկայի ու Սարոյի «Իմը չես» երգերը:

«Տարվա հայտնություն» կարող են ճանաչվել Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրանուշ Գալստյանը, Մարին, Davo-ն, Մարիաննա Հովհաննիսյանը, Սարոն, Հայկ Կասպարովը կամ Իրինան: Այս անվանակարգում հաղթողը կարժանանա Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակին:

7 զուգերգեր կպայքարեն «Տարվա լավագույն դուետ» ճանաչվելու համար: Նրանք են` Շպռօտ, Արամ MP3` Positive, Կարինե Ասիրյան, Սերգեյ Գրիգորյան` «Քեզ մնա», Նունե Եսայան, Արամե` «Երկուսով», Հռիփսիմե Հակոբյան, Ռազմիկ Ամյան` «Ոնց պատմեմ իմ սերը», Արմինկա, Սարո` «Իմը չես», Lilu, Ռիչարդ Մադլենյան` I Wanna Say Good-bye եւ Նարեկ Բավեյան, Միշո` «Կլինես իմը»:

«Տարվա լավագույն ջազ ալբոմ» անվանակարգում ներկայացված են Լեւոն Մալխասյանի «Մալխաս» եւ Time Report-ի One Day ալբոմները: «Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում կպայքարի 5 կատարող` Արմինկան` N 3, Հ.Տ. Հայկոն` «Անցած էտապ», Արամեն` «Յարիս բոյը», Սերգեյ Գրիգորյանը` «Այսուհետ» եւ Lilu-ն` «Վերջացավ» ալբոմներով:

Լավագույն ռոք ալբոմ անվանակարգում ներկայացված է երեք խումբ` Reincarnation, The Beautified Project եւ Oaksenham:

Այս տարվա նորամուծություն` «Տարվա լավագույն երաժշտություն ֆիլմի համար» անվանակարգում կպայքարեն Հայկոն` «Ոչինչ չի մնա» եւ «Դժբախտ երջանկություն», Empyray-ը` «Որոգայթ», Արման Էլբերտը` «Ռուզանի սիրտը» եւ Յուրի Հարությունյանը` «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերի երաժշտությամբ:

Փոփ երաժշտության անվանակարգերի կողքին կան նաեւ «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ», «Տարվա լավագույն դասական ալբոմ» անվանակարգերը, նորամուծություն է նաեւ «Տարվա հայտնությունը` դասական երաժշտարվեստի ոլորտում»:

Ժյուրին հաղթողներին կորոշի հենց մրցանակաբաշխության օրը` արարողությունից ժամեր առաջ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG