Մատչելիության հղումներ

Նշվել է Տիգրան Մանսուրյանի հոբելյանը


Հայ ժամանակակից երեւելի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը իր ծննդյան 70-րդ տարեդարձը (որ լրացել էր հունվարի 27-ին) նշել է Միացյալ Նահանգներում: Լոս Անջելեսում կայացած հոբելյանական համերգի ընթացքում հնչել է նրա նոր ստեղծագործությունը` լարային տրիոյի համար:

Համերգը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանսուրյանը, դրական արձագանքների ու գնահատանքի է արժանացել տեղի մամուլում:

«Մի քանի օր հետո գնացի Մյունխեն», - շարունակեց Մանսուրյանը: - «Այնտեղ նույնպես իմ 70-ին նվիրված մի համերգ եղավ, որտեղ իմ մի շարք գործերը նվագեցին: Սա եղավ Մյունխենի ակադեմիայի դահլիճում»:

Ինչ վերաբերում է Հայաստանում նախատեսվող միջոցառումներին, Մանսուրյանն ասաց, որ, թեեւ դեռ որոշակի չէ, սակայն «շատ հետաքրքիր մի ծրագիր է նախապատրաստվում». - «Ավելի մեծ բան են ուզում անել, քան իմ համերգն է: Մտածում են իրականացնել մի ընտանեկան գեղարվեստական միջոցառում, որին կմասնակցի քույրս` [երգչուհի] Արաքս Մանսուրյանը, կմասնակցի Փարիզում ապրող եղբայրս` Մհեր Մանսուրյանը, որը շատ լավ գեղանկարիչ է եւ երբեւէ չի ցուցադրվել Երեւանում: Նաեւ իմ համերգները կլինեն»:

«Ճիշտն ասած, այս արձագանքները... ստիպում են հավատալ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է: Բայց ես իմ հոգու խորքում գիտեմ, շատ բան չհասցրի անել եւ այնքան պարտքեր ունեմ, որ առավելաբար դրանց ծանրությունն է իմ ուսերին», - ասաց Մանսուրյանը:

Ի պատասխան հոբելյանի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի շնորհավորանքներին, Մանսուրյանը ասաց. - «Շատ սիրում եմ մերոնց, մերը եւ ուզում եմ, որ երիտասարդները մանավանդ արմատների հետ ամուր լինեն, ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր արմատների հետ մեր մեծերի, որովհետեւ դա է մեզ դարձնում հարուստ, ինքնատիպ եւ հետաքրքիր ամբողջ աշխարհին»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG