Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում կոլեկտիվ ուժերի ստեղծման մասին որոշում է ընդունվել


Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ Կրեմլում կայացած արտահերթ գագաթնաժողովում որոշում է ընդունվել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ:

Նման ուժեր ստեղծելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեկտեմբերին Ղազախստանում` Վորովոյում տեղի ունեցած ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում:

Ներկայացնելով կայացված որոշումը, կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այն բնութագրել է որպես կարեւոր քայլ` «ուղղված կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացմանը»: Ընդունված որոշումը պայմանավորվում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հավաքական անվտանգության ամրապնդման եւ դրա պոտենցիալի հետագա բարձրացման, ինչպես նաեւ ռազմական ագրեսիայի պարագայում համատեղ մասնակցությամբ հետ մղելու անհրաժեշտությամբ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին եւ կազմակերպության միացյալ շտաբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել եւ կանոնադրական մարմիններին ներկայացնել արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումից բխող նորմատիվ իրավական ակտերի փաթեթ:

Ստորագրված որոշման համաձայն, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կիրառման մասին որոշում կայացվում է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի սկզբունքով:

Մեկ այլ կետով նախատեսվում է, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմում գործող` անդամ երկրների կողմից տրամադրված զինուժը, մինչ իրենց վերապահված հավաքական առաքելությանն անցնելը, գտնվում է տվյալ երկրների բացառիկ իրավազորության ներքո` իրենց մշտական տեղակայման վայրերում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` որոշում է ընդունվել Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը 2009 թվականի հունիսին Մոսկվայում անցկացնելու մասին:

Նիստում հաստատվել է նաեւ կազմակերպության այս տարվա բյուջեն:

Նիկոլայ Բորդյուժան վերահաստատվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հաջորդած աշխատանքային ճաշից հետո երկրների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԷՍ) միջպետական խորհրդի արտահերթ նիստին, որտեղ քննարկվել են համատեղ հակաճգնաժամային հիմնադրամ եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:


(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG