Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը փակում է ամերիկյան ռազմակայանը


Ղրղըզստանը Միացյալ Նահանգներին այլեւս թույլ չի տալու օգտագործել Մանասի ռազմաօդային բազան: Այդ մասին երեկ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը:

Բակիեւը նման որոշումը պատճառաբանել է նրանով, որ պաշտոնական Վաշինգտոնը պատշաճ փոխհատուցում չի տրամադրում ռազմակայանի օգտագործման համար:

Մեդվեդեւը, իր հերթին, վստահեցրել է, որ չնայած Ղրղըզստանի որոշմանը, երկու երկրներն էլ կշարունակեն համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի հարցով:

Լրատվական գործակալությունների վկայությամբ` մոսկովյան բանակցությունների ժամանակ Մեդվեդեւը Ղրղըզստանին 2 միլիարդ դոլարի վարկ է առաջարկել:

Միացյալ Նահանգները շուրջ 1200 զինծառայող ունի Մանասի ռազմակայանում, որը մեծ կարեւորություն ունի որպես Աֆղանստանում ամերիկյան ուժերի գործողությունների հենարան:

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ռազմակայանի փակման վերաբերյալ ծանուցում առայժմ չի ստացել ղրղըզական իշխանություններից: Պենտագոնը հույս է հայտնել, որ բանակցությունները տվյալ հարցով կշարունակվեն, իսկ Պետդեպարտամենտը ընդգծել է, որ չնայած Մանասի ռազմակայանի կարեւորությանը` այն փակելու որոշումը խոչընդոտ չի դառնա Աֆղանստանում ռազմական գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG