Մատչելիության հղումներ

Այսօր Բրյուսելում անցկացվելու է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են հետագա համագործակցության հեռանկարները:

Վրաստանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Պատվիրակության կազմում ընդգրկված են պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն եւ Եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

Նախատեսված է Վրաստանի պատվիրակության հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` ռուս - վրացական պատերազմից հետո, երբ Վրաստան էին ժամանել Հյուսիսատլանտյան խորհրդի ներկայացուցիչները:

Այսօրվա հանդիպման նախաշեմին Վրաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է երկրի զինված ուժերի առաջնահերթ խնդիրները ընթացիկ տարվա համար: Առաջնահերթությունների շարքում նշված է եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը:

Վրաստանի պաշտպանության նախարարության կայքէջում տեղադրված փաստաթղթում նշված է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերություններում պաշտպանության նախարարության նպատակն է լինելու կատարել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովում մշակված պահանջները, ազգային տարեկան ծրագրով նախատեսված գործողությունները, ինչպես նաեւ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունների հետ:

2009-ի համար առաջնահերթ է մնում նաեւ միջազգային եւ հակաահաբեկչական առաքելություններին վրացական ուժերի մասնակցությունը:

Փաստաթղթում առաջնահերթությունների շարքում նշված են նաեւ պաշտպանության համակարգի կառավարման բարելավումը, ուշադրությունը կրթությանն ու վարժանքներին, զինված ուժերի հնարավորությունների զարգացումը:

Վրաստանի բանակը 2009-ին հատուկ ուշադրություն է դարձնելու հակաօդային պաշտպանությանը, ռազմական օդուժին, հակատանկային պաշտպանությանը, ռազմական հետախուզությանը:

Նշված է, որ փաստաթուղթն ընդգրկում է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են երկրի անվտանգությունը ապահովելու համար, միջոցառումներ, որոնք թելադրում են անել օգոստոսյան պատերազմի դասերը:


Հրաչ Մելքումյան,Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG