Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոսիայում հանդիպում են Կիպրոսի Հանրապետության եւ կղզու թուրքական հատվածի ղեկավարները


Արդյոք Թուրքիան փոխհատուցում կվճարի՞ այն կիպրոսցի հույներին, որոնք կորցրել են իրենց ունեցվածքը 1974 թվականի թուրքական ներխուժման ընթացքում. սա է լինելու Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրաս Խրիստոֆիասի եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի` այսօր Նիկոսիայում կայանալիք բանակցությունների հիմնական թեման:

Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ թուրքական կողմը եւս նյութական պահանջներ է ներկայացնում` պնդելով, թե 1974-ի ամռանը կղզու հարավային հատվածը լքած թուրքերին եւս պետք է փոխհատուցում տրամադրվի:

Դիմիտրաս Խրիստոֆիասը բանակցությունների շեմին խոստովանել է, որ հարցը զուտ ունեցվածքային շրջանակով չի սահմանափակվում: «Բանակցությունների դյուրին ընթացք ես չեմ ակնկալում, քանի որ սեփականության խնդրին միախառնվել է նաեւ փախստականների վերադարձի հարցը», - ասել է Կիպրոսի նախագահը:

Կիպրոսցի հույներից բռնագրավված սեփականության վերադարձի հավանականությունն ավելի մշուշոտ է դառնում այն առումով, որ հունական ունեցվածքի զգալի մասը այսօր նոր սեփականատերեր ունի: Դրանք հիմնականում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, առավելապես թոշակառուներ, որոնց հրապուրել էին անշարժ գույքի համեմատաբար ցածր գները, որ առկա էին կղզու թուրքական հատվածում:

Ընդհանուր առմամբ, վերլուծաբանները այսօրվա հանդիպման հետ լուրջ հույսեր չեն կապում` նշելով, թե 2008-ը կիպրոսյան խնդրում չդարձավ լուրջ առաջընթացի տարի:

Անցած տարի կողմերը այդպես էլ չկարողացան լուծել տրանսպորտային խնդիրը. կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար թուրքական նավահանգիստները եւ օդանավակայանները շարունակում են փակ մնալ:

Սա է պատճառը, որ Եվրամիությունը առայժմ չի շտապում վերսկսել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Բրյուսելում, սակայն, հույս ունեն, որ առաջիկա շաբաթներին կկարողանան գոնե ներկիպրոսյան երկխոսության առումով որոշակի առաջընթաց ապահովել: Սա է, թերեւս, պատճառը, որ Խրիստոֆիաս - Թալաթ հանդիպումից մի քանի օր հետո կղզի կժամանի Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, ով կհանդիպի կղզու հունական հատվածի ղեկավարների հետ: Նույն օրերին Կիպրոսի թուրքական հատված կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG