Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Երբ ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին ընդունեց 1643 բանաձեւը եւ Հայաստանին մինչեւ ապրիլ ժամանակ տվեց, որ նա չեզոքացնի մարտյան դեպքերի հետեւանքները, ըստ էության, ԵԽԽՎ-ն ոչ այնքան անհանգստություն դրսեւորեց, որքան տարակուսանք Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Եվրոպացիները բացահայտ հասկացրին, որ միայն երկիրը պատժելով այս խնդիրը չի լուծվի: Բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում անլուծելի իրավիճակի ստեղծմանը այս բոլոր տարիներին նպաստել է հենց ինքը` Եվրոպան: Եվ բանը ոչ միայն եվրոպական դիտորդների դիրքորոշմանն է վերաբերում ընտրությունների ժամանակ: Խնդիրը, առաջին հերթին, եվրոպական քաղաքականության Հայաստանի դեմոկրատացման վրա ազդեցության ոչ միանշանակ արդյունքների մեջ է»:

Նույն կարծիքին է «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը. - «Հայաստանը ոչ միայն ցանկացել է, այլեւ տիտանական ջանքեր է գործադրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու ճանապարհին: Այսինքն, Հայաստանը, Եվրոպայի խորհրդին անդամագրվելով, խնդրել է հետեւել իր ներքին զարգացումներին, որպեսզի եթե այդ զարգացումներում շեղումներ լինեն ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մարդու իրավունքները ոտնահարվեն, ահա այս պարագանում ԵԽԽՎ-ն միջոցներ ձեռնարկի մեզ սթափեցնելու համար: Եթե այս տեսանկյունից ենք նայում խնդրին, ակնհայտ է դառնում, որ անդամագրման պահին Եվրոպայի խորհուրդը եւ Խորհրդարանական վեհաժողովը չեն կատարել մեր երկրի նկատմամբ ունեցած եւ ոչ մի խոշոր պարտավորություն: Հիշենք միայն վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած այն իրադարձությունները, որ կարող էին առնչվել մեր երկրի նկատմամբ այդ կառույցի ունեցած պարտավորութունների հետ` «Ա1+»-ի փակում, 2003 թվականի նախագահական ընտրությունների կեղծում, հեռուստաեթերի մոնոպոլիզացիա, ընտրական համակարգի այլասեռում, ընտրակեղծիքների համակարգված մեքենայի ձեւավորում, 2003-2007 թվականների խորհրդարանական ընտրությունների արդյունքների կանխորոշվածություն, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծում: Ի վերջո` 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծում: Այս ողջ ընթացքում ԵԽԽՎ-ն Հայաստանում միայն առաջընթաց է գրանցել` այսպիսով դառնալով բոլոր բացասական երեւույթների համապատասխանատուն»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը, որը նաեւ ներգրավված է Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու գործում: Նա ասում է. - «Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, չեմ կարող պնդել, թե 225 եւ 300 հոդվածներով նախատեսված հանցանքների գաղափարները տարածողները հանցագործներ են։ Սակայն ակնհայտ է, որ այս պարագայում վտանգն իրոք շատ մեծ է։ Հետընտրական իրադարձությունների հետեւանքով հարուցված քրեական գործերի հետաքննությունը եւս ցույց է տվել, որ առանձին դեպքերում մարդիկ ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտել եւ տարատեսակ դրսեւորումներից հետո հայտնվել քրեորեն պատժելի գործողությունների ցանցում... Գտնում եմ, որ 225 հոդվածը պետք է ինքնին պատիժ սահմանի զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ բոլոր հնարավոր զուգորդումները պետք է համարվեն ծանրացուցիչ հանգամանքներ»։ Ինչ վերաբերում է 300 հոդվածին, ապա, ըստ Մինասյանի, «իշխանությունը յուրացնելու ողջ համալիրը չի կարող դիտվել որպես մեկ գործողություն եւ պատժվել քրեական մեկ հոդվածով». - «Պետք է զանազանել նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված կոչ անողներին եւ կոնկրետ գործողություններ կատարողներին»։

lragir.am-ը գրում է. - «Ինչ-որ առումով պարզ է եւ կանխատեսելի թե հասարակության, թե իշխանության արձագանքը ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ։ Հասարակությունը բնականաբար պետք է ասի կամ մտածի, որ այդ սպանությունը, դժբախտաբար, հերթական անգամ հաստատեց, թե ինչպիսի երկիր է Հայաստանը, թե ինչպես է Հայաստանում իրեն ազատ զգում կրիմինալը, թե ինչ է նշանակում անպատժելիության մթնոլորտ, երբ չի բացահայտվում որեւէ մեծ կամ փոքր աղմկոտ միջադեպ` սպանության կամ ծեծի ելքով, թե ինչի է հանգեցնում այն, որ իրավապահ ուժերը ոչ թե զբաղված են երկրում իրապես քրեածին վիճակը վերահսկողության տակ պահելու, այլ քաղաքական այլախոհությունը ճնշելու խնդիրներ։ Իշխանությունն էլ բնականաբար պետք է զայրանա տեղի ունեցածի կապակցությամբ, նախագահը պետք է ձեռքը խփի սեղանին ու ասի, որ արդեն բավական է, որ պետք է դեպքը անհապաղ բացահայտել եւ պատժել մեղավորներին, որ պետք է այսուհետեւ ավելի ու ավելի խստացնել իրավապահների աշխատանքը եւ բարձրացնել արդյունավետությունը, որ, որ, որ… Ուրիշ ինչ անեն իրավապահները, եթե տեսախցիկների առաջ մի հանձնարարություն են ստանում, իսկ տեսախցիկներից դուրս` մեկ այլ։ Մյուս կողմից, սակայն, որքան էլ ցինիկ ու տարօրինակ չհնչի մեր դիտարկումը, այդուհանդերձ, իսկապես հավանական է նաեւ, որ կրիմինալն ամենեւին էլ ամենաթող կամ անպատժելի չէ, անկառավարելի չէ։ Եվ Հայաստանի վերջին տարիների կյանքը վկայում է, որ այդ դիտարկումն առավել մոտ է իրականությանը։ Այսինքն, Հայաստանում կրիմինալը միգուցե միանգամայն կառավարելի է եւ գտնվում է իշխանության վերահսկողության տակ եւ անում է այն, ինչ պետք է իշխանությանը, կամ իշխանության առանձին խմբերին»։

«Ազգ»-ի խմբագրականում գրում է. - «Կարծրատիպերն այնքան ամուր են եւ պետականության զգացողության բացակայությունը այնքան մեծ նստվածք տված, որ դրանք հաղթահարելն անհնար է թվում... Եթե նախկինում ոչ մեծ աշխատավարձ ստացող, բայց շքեղ մեքենայով երթեւեկող հարկային կամ մաքսային աշխատակիցը նրա համար «կաշառակերի մեկն էր», ապա երբ փորձ է արվում վերացնելու նրա կաշառք վերցնելու մեխանիզմները, դառնում է «ընտանիք պահող» եւ կարեկցանքի արժանացող մարդ։ Եթե առեւտրով զբաղվողը հասարակական ընկալման մեջ պետությանը «գցողի» եւ քաղաքացուն «խաբողի» ընկալում ուներ, ապա երբ փորձ է արվում այդ մարդու համար վերացնելու «գցելու» կամ «խաբելու» սողանցքը, անմիջապես հասարակության աչքում նա վերածվում է զոհի, ինչ է թե պարտադրված է լինելու փոքր ինչ ավելի հարկ վճարել»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG