Մատչելիության հղումներ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր հանդիսացող GeoProMining ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ փետրվարի 10-ից կոմբինատը կդադարի աշխատել:

«Որոշակի հզորությամբ կաշխատի միայն Ագարակի պղնձի հանքը», - ասաց GeoProMining ընկերության արտաքին կապերի պատասխանատուն՝ հավելելով, որ պղինձն այժմ արդյունահանվում է պահեստավորման համար:

«400 հոգի մնում են աշխատելու, արտադրությունը կանգ չի առնում, որովհետեւ հանքը շարունակում է աշխատել, մենք միայն կոմբինատն ենք փակել», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը:

Կոմբինատի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ կոմբինատի ղեկավարությունը աշխատակիցներին առաջարկել է արձակուրդ վերցնել կամ մեկնել հարկադիր պարապուրդի՝ ստանալով հասանելիք աշխատավարձի երկու երրորդը:

«Ամսի 1-ից մենք արդեն չենք աշխատում: Մասսայական աշխատանք չկա, ոչ մեկը գործի չի գնում», - ասաց կոմբինատի աշխատակիցը:

Հանքարդյունաբերության ոլորտում ծագած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով նոյեմբերին Սյունիքի մարզ գործուղված էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները ոլորտի խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որոնց համաձայն առաջիկա երեք ամիսներին Սյունիքի մարզի հանքարդյունաբերության ոլորտում կրճատումներ չէին լինելու:

Դեկտեմբերի 1-ից հարկադիր պարապուրդի էին ուղարկվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 1400 բանվորներից 300-ը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG