Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Ուկրաինայի եւ Ռումինիայի տարածքային վեճի կապակցությամբ


Այսօր ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Ուկրաինայի ու Ռումինիայի տարածքային վեճի կապակցությամբ, որը վերաբերում է երկու երկրների` Սեւ ծովով անցնող սահմանին:

Սահմանային այդ շրջանում քարքարոտ ու ոլորաձեւ մի կղզի կա, որը կոչվում է Զմեինի: Սեւ ծովի այդ հատվածում էներգակիրների, նավթի պաշարներ կան, այդ իսկ պատճառով երկու երկրները մինչ այժմ չեն կարողացել որոշել սահմանագիծը:

Կղզու պատկանելությամբ` պաշտոնական Կիեւը ձգտում է, որպեսզի ուկրաինական համարվեն նաեւ էներգակիրներով հարուստ հարակից շրջանները: Ուկրաինան պնդում է, որ դա ամրագրված է Ուկրաինայի ու Ռումինիայի միջեւ 1997 թվականին ստորագրված բարեկամության եւ համագործակցության պայմանագրում:

Կղզում շուրջ 100 մարդ է ապրում` փարոսի պահապաններ, զինվորականներ, գիտնականներ` իրենց ընտանիքներով:

Ռումինական կողմը պնդում է, որ իրականում Զմեինին անմարդաբնակ, ժայռոտ կղզի է եւ չպետք է նշանակություն ունենա սահմանը որոշելու հարցում, հետեւաբար` ոլորաձեւ կղզու ծովային շրջանը պետք է հավասարապես բաժանվի:

Այս հարցը երկու երկրների համար էլ շատ կարեւոր է, հատկապես նկատի ունենալով էներգակիրների հարցում Ռուսաստանից կախվածությունը:

Նավթային խոշոր ընկերությունները արդեն հետաքրքրություն են ցուցաբերել այդ շրջանի պաշարները ուսումնասիրելու ու շահագործելու համար:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` միջազգային դատարանում Ուկրաինայի ներկայացուցիչ Վոլոդիմիր Վասիլենկոն ասել է, թե դատարանի որոշումը փոխզիջումային կլինի, երկու կողմի համար էլ բարենպաստ պայմաններ կստեղծվեն` հրավիրելու արտաքին ներդրողների ու իրականացնելու ծրագրեր:

Ուկրաինական «Ունիան» գործակալությունը մեջբերում է արտգործնախարարության խոսնակին, ով երկուշաբթի օրը ասել է, թե «ցանկացած որոշում, ինչպիսին էլ այն լինի, Ուկրաինայի կողմից կկատարվի»:

Ռումինիայի հայցը ընդդեմ Ուկրաինայի ՄԱԿ-ի միջազգային դատարանը սկսել է քննել 2008 թվականի սեպտեմբերի 2-ին: Ռումինիան դիմել էր դատարան, երբ Ուկրաինայի հետ ծովային սահմանների վեճը լուծելու համար 1998 թվականից ընթացող երկկողմ բանակցությունները որեւէ դրական արդյունք չէին տվել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG