Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Իշխանությունը, ի դեմս նախագահ Սարգսյանի, ընդունել է մեղքի իր բաժինը, ասելով, որ առնվազն թերացել է, քանզի պարտավոր էր, բայց չի կարողացել կանխել ողբերգությունը։ Երբեւէ լսե՞լ եք, որ ընդդիմության ղեկավարները կես խոսքով ընդունեին իրենց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար»։ Պատասխան. - «Այն, որ ընդդիմությունը ագրեսիվ է եւ իրեն շատ սխալ է պահում՝ կասկած չկա։ Կա երկուստեք պատասխանատվության խնդիր, եւ շատ տարօրինակ կլինի, եթե կողմերից մեկը ճանաչի իր մեղքը, մյուսը շարունակի համառորեն պնդել, թե միայն իշխանություններն են մեղավոր։ Իհարկե, երկրում ինչ էլ լինի՝ իշխանությունն է պատասխանատու։ Բայց մեղքի, պատասխանատվության չափը դատարանը պետք է որոշի։ Այս առումով ընդդիմության դիրքորոշումը շատ կոշտ է, ուղղակի անհասկանալի։ Դեռ նախընտրական շրջանում եմ ասել, այդ թվում՝ ձեր թերթի միջոցով։ Լավ կլինի, որ ընտրությունների արդյունքում ձեւավորվի ուժեղ իշխանություն, ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի, եւ ուժեղ ընդդիմություն, որի դերակատարությունը, թվում էր, կարող էր ստանձնել «համահայկական շարժումը»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ»։

«168 ժամ»-ի համար բացառիկ հարցազրույց է տվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Կարծո՞ւմ եք արդյոք, որ Երեւանում մարտի 1-2-ի անկարգությունների կազմակերպման համար ներկայումս դատարանի առջեւ կանգնած մարդիկ քաղաքական բանտարկյալներ են», - այս հարցին Դեւիսը պատասխանել է. - «Ես չեմ կարող մեկնաբանել դա: Վեհաժողովի կողմից կան որոշակի առաջարկություններ, որոշակի առիթ կա կասկածելու, որ կան քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձինք: Իմ տեսակետը հետեւյալն է. թեեւ ես շատ եմ անհանգստացած առանց դատական գործընթացի մարդկանց այդքան երկար բանտարկելու փաստով, բայց առավելապես մտահոգված եմ սպանությունների փաստով: Երեւանի փողոցներում 10 մարդ է սպանվել: Ես դեռեւս չեմ լսել, որ ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկված լինի այդ սպանությունների համար: Իսկ սպանվածները հասարակ քաղաքացիներ էին»: Հարց. - «Ո՞րն է հիմնական մարտահրավերը, որին այսօր բախվում են ՀՀ քաղաքական ուժերը` ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը»: Պատասխան. - «Կարծում եմ, որ Հայաստանի համար ամենակարեւորը չլուծված տարաձայնությունների հարթումն է, որոնք բխում են անցած տարվա մարտի դեպքերից: Դրանք տեղի են ունեցել 11 ամիս առաջ, եւ արդեն լուծում գտնելու ժամանակն է»:

Իրավաբան Հրայր Թովմասյանը «Գոլոս Արմենիի»-ի համար մեկնաբանել է «7-ի գործով» դատավարության պրոբլեմները: Լրագրողը հարցնում է. - «Մի՞թե սպանություններ չեն տեղի ունեցել, չէ՞ որ զանգվածային անկարգությունների, բռնության, հրդեհումների եւ այլնի ընթացքում մահը վրա է հասել որպես բռնության արդյունք»: Պատասխան. - «Այս մահերը որպես սպանություն որակելը անհնար է, քանի որ անհնար է հայտարարել, թե ով ում է սպանել: Մահը վրա է հասել զանգվածային անկարգությունների արդյունքում, եւ որպես դրանց կազմակերպիչ` անձը կարող է պատասխանատվություն կրել ոչ միայն որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, այլեւ մահվան պատճառ դարձած անկարգությունների: Անկարգությունների կազմակերպիչներին մենք այժմ չենք կարող մեղադրել սպանության մեջ, սպանությունը կոնկրետ գործողություն է ենթադրում, իսկ նրանք ոչ ոքի չեն սպանել»: Հարց. - «Բայց զանգվածային անկարգությունները որակվում են որպես իշխանության յուրացում, այդպիսին էր նրանց նպատակը»: Պատասխան. - «Պետական իշխանության յուրացումը ենթադրում է ոչ թե փորձ, այլ գործողություն, որն ուղղված է իշխանության յուրացմանը: Եթե խոսք գնար փորձի մասին, ապա այն պետք է ենթադրեր, օրինակ, խորհրդարանի, նախագահի նստավայրի, կամ այլ պետական շենքերի զավթում: Բայց նման բան չի եղել, իսկ այն, ինչ ներկայացվում է 7 մեղադրյալներին, միայն գործողություն է կամ նախապատրաստում: Եթե մարդը, օրինակ, խանութում սպանության համար դանակ է գնում` գործողություն է կատարում, ապա գնելու համար նրան քրեական պատասխանատվության չի կարելի ենթարկել»:

Lragir.am-ը մեկնաբանում է ճգնաժամի եւ հեղափոխության հարաբերությունը. - «Եթե Իսլանդիայում, կամ որեւէ այլ եվրոպական, այսպես ասած կայացած քաղաքական համակարգով երկրներում իշխանափոխությունները, վերնախավերի փոփոխությունները տեղի են ունենում անցնցում ճանապարհով, եւ հանգիստ գնալը համարվում է հանգիստ վերադառնալու գրավական, ապա կա երկրների մի շարք, ուր իշխանափոխությունը վերնախավերի համար կյանքի եւ մահվան հարց է: Անկասկած է, որ այդ երկրների շարքին է դասվում նաեւ Հայաստանը: Հետեւաբար հարց է առաջանում, թե կխնայի արդյոք համաշխարհային տնտեսական ճգնաժամի քաղաքական քմահաճույքը Հայաստանին: Այսինքն, հաշվի կառնի արդյոք ճգնաժամը, որ Հայաստանում հեղափոխությունը կարող է լինել արյունալի: Առայժմ դժվար է ասել, թե այդ կապակցությամբ ինչ է մտածում «ճգնաժամը»: Բանն այն է, որ Հայաստանին ոչ անտեսում են, ոչ էլ օգնում այնպես, ինչպես Հայաստանն է ուզում: Այսինքն, ինչ-որ փող այդուամենայնիվ տալիս են, բայց ոչ այնքան, որքան պետք է: Կամ գուցե տալիս են այնքան, որքան պետք է հեղափոխություն թույլ չտալու համար, ոչ ավելին: Այս առումով, Հայաստանի իշխանական վերնախավի բախտը թերեւս բերել է նրանով, որ այն որեւէ էական նշանակություն չունի, էական դերակատարում չունի համաշխարհային գործընթացներում, համաշխարհային քաղաքական անցուդարձում, համաշխարհային էլիտային բացարձակապես անհաղորդ է, այլ կերպ ասած` ինչպես ասենք մեր բանկային համակարգը, այնպես էլ վերնախավը բավականաչափ ինտեգրված չեն համաշխարհային համակարգին, թերեւս այդ պատճառով էլ համաշխարհային էլիտայի գլխացավանք դարձած «ճգնաժամը» այնքան էլ ուշադրություն չի դարձնում հայաստանյան էլիտայի վրա»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG