Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության եւ խմբակցության նախկին ղեկավար, Եվրախորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հույս հայտնեց, որ կմասնակցի ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանին:

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը, հիշեցնենք, անցած ամռանը հայտարարել էր, որ չի մասնակցելու լիագումար նիստերին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնեց «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ անցած 9 ամիսների ընթացքում Հայաստանի իշխանություններին չհաջողվեց կատարել երկու բանաձեւերի (թիվ 1609 եւ թիվ 1620) պահանջները, եւ հարցին, թե կարծո՞ւմ է արդյոք, որ մինչեւ ապրիլ մնացած երկու ամիսների ընթացքում կկարողանան կատարել դրանք, արձագանքեց. - «Եթե քաղաքական կամքը լինի իշխանության կողմից, պարոն նախագահի կողմից, եւ եթե միաժամանակ համազգային երկխոսությունը մեկնարկի, ես կարող եմ ասել, որ այո, այդ հույսն ունեմ: Ես ինքս այդ հույսից կառչում եմ, որ ես ինքս կվերադառնամ Ստրասբուրգ ապրիլի ավարտին եւ կներկայացնեմ մեր երկիրը պատվիրակության կազմում... Գոնե ինձ համար ապրիլը վերջին ժամկետն է այդ հարցը լուծելու համար»:

Անցած հունվարյան նստաշրջանին, երբ քննարկվում էր հայաստանյան պատվիրակության նկատմամբ պատժամիջոց կիրառելու հարցը, այլընտրանքային տեսակետ եւ կարծիք հայաստանյան պատվիրակության որեւէ անդամ, փաստորեն, չհնչեցրեց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէր իր մասնակցությունը ձմեռային նստաշրջանին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Այս նստաշրջանին իմ բացակայությունն էր անհրաժեշտ, բայց ես վստահեցնում եմ, թե, այսպես թե այնպես, «Ժառանգություն»-ը ներկայացված կլինի գարնանային նստաշրջանին: Մեր տեսակետները, եւ շատ անգամ միա'յն մեր տեսակետները եղել են, որ ներկայացվել են ամբողջովին, անկաշկանդ, ուղղակի եվրոպական ձեւով ու ազգային բովանդակությամբ... Ես կարծում եմ, որ այլընտրանքային տեսակետը, միգուցե բացառության կարգով, ներկայացվել է միշտ իմ շուրթերից: Հայաստանի պատվիրակության միջից «ժառանգություն»-ը շարունակում է ներկայացնել ժողովրդավարության, քաղաքացիական եւ ազգային հեռանկարի վերաբերյալ ճշմարտացի եւ համալիր մոտեցում ԵԽԽՎ-ում եւ այլուր: Բայց մենք երբեւէ չենք մասնակցի առուծախի, առեւտուրի, որտեղ նժարի վրա դրված է մեր երկրի արժանապատվությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական ահազանգով ու խնդրանքով դիմեց քաղաքական ուժերին թե’ իշխանության եւ թե’ ընդդիմադիր դաշտում. - «Պետք է դուրս գանք խրամատներից: Փոխադարձ համաներման միջոցով առաջ անցնենք: Յուրաքանչյուրը արժանի է համաներման եւ յուրաքանչյուրը պատասխանատու է իր չափով: Եվ թող ոչ մեկը կարծի, որ ճշմարտության մենաշնորհը միայն իրեն է պատկանում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG