Մատչելիության հղումներ

Բարաք Օբամայի վարչակազմը ամենահայամետն է Միացյալ Նահանգների պատմության մեջ: Այսպիսի համոզմունք է հայտնում թուրքական «Հուրիեթ» թերթը այսօրվա հրապարակման մեջ:

Թերթը նշում է, որ Օբաման ընտրարշավի ժամանակ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են նաեւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրեն Լեոն Փանեթան:

Այս ցանկը, ըստ «Հուրիեթ»-ի, օրերս համալրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մեկ այլ կողմնակից` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, մարդու իրավունքների եւ արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սամանթա Փաուերը, ում Միացյալ Նահանգների նախագահը նշանակել է Ազգային անվտանգության խորհրդի` բազմակողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն: Այդ պաշտոնում Փաուերը սերտ շփումներ է ունենալու պետքարտուղարի հետ, այդ թվում` պարբերաբար ուղեկցելու է նրան պաշտոնական այցերի ժամանակ:

Հետեւաբար, թուրքական թերթը մտահոգություն է հայտնում, որ Բարաք Օբաման կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ուղերձում, կամ էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի նախագիծ կներկայացվի Կոնգրեսում, ինչը պաշտոնական Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում ճգնաժամի պատճառ կդառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG