Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Ռուսաստանը պետք է զերծ մնա Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմաբազաներ տեղակայելուց»


Ռուսաստանը պետք է զերծ մնա Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմաբազաներ տեղակայելուց եւ համաձայնի տարածաշրջանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատի երկարաձգմանը: «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

«Աբխազիայի տարածքում ռազմածովային եւ ռազմաօդային բազաների, Հարավային Օսիայում ռազմաբազայի հնարավոր տեղակայումը կնշանակի, որ Ռուսաստանը շարժվում է սխալ ուղղությամբ», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Անցած շաբաթ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդագրություններ էին տարածել, թե Ռուսաստանը մտադիր է ռազմածովային եւ ռազմաօդային բազաներ տեղաբաշխել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը «Ռոյթերզ»-ին ասել է, որ Սուխումին պաշտոնապես համաձայնել է, առաջիկա մի քանի ամիսներին կողմերը մտադիր են պայմանագիր ստորագրել եւ արդեն այս տարվանից սկսել բազաների տեղակայման աշխատանքները: Ըստ Բաղապշի, ռուսական նավերը պետք է տեղակայվեն Օչամչիրայի նավահանգստում:

Պաշտոնական Մոսկվան առայժմ չի հաստատել այդ տեղեկությունները, սակայն արդեն ե’ւ Վրաստանը, եւ ՆԱՏՕ-ն մտահոգություն են հայտնել նման ծրագրերի առնչությամբ` կոչ անելով չոտնահարել Վրաստանի ինքնիշխանությունը:

«Ռուսաստանը նախ պարտավորվել էր կրճատել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում եւ հասցնել մինչեւ պատերազմն եղած մակարդակին, բայց արդեն խախտում է պարտավորությունները: Ռազմածովային բազաների տեղակայումը կլինի եւս մեկ խախտում», - «Ռոյթերզ»-ին ասել է Մեթյու Բրայզան:

Ներկայումս Ռուսաստանը իր տարածքից դուրս ունի ընդամենը մեկ ռազմածովային բազա` Սեւաստոպոլում: ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտող Ուկրաինան հայտարարել է, թե 2017 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո չի երկարաձգելու այն:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG