Մատչելիության հղումներ

Վրաստանում նշանակվում է երրորդ վարչապետը վերջին մեկ տարվա ընթացքում


Անցած շաբաթավերջին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի վարչապետի պաշտոնում առաջադրեց փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Նիկա Գիլաուրիին: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո 33-ամյա Գիլաուրին կդառնա Վրաստանի արդեն երրորդ վարչապետը վերջին մեկ տարվա ընթացքում:

Կառավարության նախկին ղեկավար Գրիգոլ Մգալոբլիշվիլին ուրբաթ օրը հրաժարական տվեց` վկայակոչելով առողջական խնդիրները: Նա պաշտոնավարեց ընդամենը երեք ամիս, եւ այդ երեք ամիսներին երկրի կառավարության կազմը երկու անգամ փոփոխվեց:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հավաստմամբ` նախարարների կաբինետում այլեւս որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ «այժմ էքսպերիմենտների ժամանակը չէ, եւ պետք է լրջորեն մտածել ֆինանսական ճգնաժամին դիմակայելու մասին»:

«Նոր կառավարությունը պետք է աշխատի զինվորական շտաբի ռեժիմով` գիշեր-ցերեկ, որպեսզի կարողանա կանխել գործազրկության աճը, ստեղծի նոր աշխատատեղեր եւ դիմակայի տնտեսական ճգնաժամին», - հայտարարել է Վրաստանի նախագահը` կառավարության նիստում ներկայացնելով վարչապետի պաշտոնում իր թեկնածուին:

Վրացական լրատվամիջոցների պնդմամբ` Մգալոբլիշվիլիի հրաժարականը անակնկալ չէր: Որքան էլ ե’ւ Մգալոբլիշվիլին, ե’ւ Սահակաշվիլին հրաժարականը պայմանավորում են առողջական խնդիրներով, մամուլը եզրակացնում է, թե նախկին վարչապետի հեռանալու իրական պատճառը երկրի նախագահի հետ ունեցած տարաձայնություններն են: Նոր տարուց մի քանի օր առաջ վրացական մամուլը հաղորդեց, թե ինչ-որ վիճաբանության ժամանակ Սահակաշվիլին ապտակել է վարչապետին եւ բջջային հեռախոսը շպրտել նրա ուղղությամբ: Հունվարից վարչապետը սկսել էր հազվադեպ ներկայանալ աշխատանքի, եւ հաղորդվում էր, որ նա Գերմանիայում բուժվում է:

Վրաց ընդդիմությունը եւս համոզված է, որ Մգալոբլիշվիլիի հրաժարականի պատճառը Սահակաշվիլիի անհավասարակշիռ քաղաքականությունն է: Նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր Զուրաբ Նողաիդելին, վկայակոչելով իր տեղեկությունները, լրատվամիջոցներին ասել է, թե «Մգալոբլիշվիլիի հրաժարականը նրա առողջականի հետ որեւէ կապ չուներ»:

«Խնդիրն այն է, որ Սահակաշվիլիի կառավարությունն արդեն քայքայվում է: Ո’չ գործող նախագահը, ո’չ խորհրդարանը, ո’չ կառավարությունը ի վիճակի չեն երկիրը ճգնաժամից դուրս բերել», - նշել է Նողաիդելին` համոզմունք հայտնելով, որ վարչապետների հրաժարականները չեն կարող փրկել վիճակը, եւ «նախագահը պետք է հեռանա»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG