Մատչելիության հղումներ

Մոսկվայում զանգվածային միջոցառումներ են անցկացրել իշխանության եւ ընդդիմության կողմնակիցները


Անցած հանգստյան օրերին Մոսկվայում զանգվածային միջոցառումներ են անցկացրել ինչպես իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները:

Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի աջակիցները Մոսկվայի կենտրոնում հանրահավաք էին կազմակերպել` կառավարության հակաճգնաժամային ծրագրին իրենց աջակցությունը հայտնելու համար: Մոտ 40 րոպե տեւած ակցիայի ընթացքում, սակայն, ելույթ ունեցողները շատ քիչ էին խոսում կառավարության` ճգնաժամի դեմ պայքարի մասին, փոխարենը կոչ էին անում չվախենալ աշխատատեղերի կրճատումից, նավթի գնի կտրուկ անկումից, ռուբլու արժեզրկումից:

«Հարկավոր է բուժել ճգնաժամից վախեցողների ուղեղները», - ամբիոնից հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի շարքային անդամներից մեկը` Պուտինի ղեկավարած կուսակցությունը համեմատելով Կորնեյ Չուկովսկու «Բժիշկ Այբոլիտը» հեքիաթի հերոսի հետ. - «Եդինայա Ռոսիա»-ն պետք է համապետական Այբոլիտ դառնա եւ բուժի բոլորին»:

«Եդինայա Ռոսիա»-ի հանրահավաքը, որին շուրջ 20 հազար մարդ էր մասնակցում, կազմակերպվել էր հետխորհրդային տարածքի համար արդեն ավանդական դարձած մեթոդով` բյուջետային հիմնարկների աշխատակիցներին եւ բուհերի ուսանողներին ավտոբուսներով Մոսկվա էին բերել մոտակա մարզերից:

Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա ի տարբերություն նախորդ անգամների` հունվարի 31-ին ռուսաստանցի ընդդիմադիրները նոր մարտավարություն էին որդեգրել. «Դրուգայա Ռոսիա»-ն («Այլ Ռուսաստան»), Միավորված քաղաքացիական ճակատը, մի քանի այլ ընդդիմադիր կազմակերպություններ նախապես չէին բացահայտել բողոքի ակցիայի տեղն ու ժամը:

Ընդդիմադիրները կիրառել են այսպես կոչված «ֆլեշ մոբի» մարտավարությունը` հավաքվել են մետրոյում, որոշ ժամանակ անց էլ SMS-հաղորդագրությունների միջոցով իրենց կողմնակցիներին տեղեկացրել են հավաքի անցկացման կոնկրետ վայրի մասին: Սա էր պատճառը, որ ոստիկանության համար լիակատար անակնկալ էր, երբ քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններից մեկից դուրս են եկել ընդդիմության մի քանի հարյուր աջակիցներ եւ փակելով փողոցը` շարժվել Կրեմլի ուղղությամբ: Հարեւանությամբ գտնվող ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների ուժերը բավարար չէին, ուստի կիրառվել է հետխորհրդային տարածքում հայտնի եւս մի հնարք` վրա են հասել մարզահագուստով ամրակազմ երիտասարդներ եւ բղավոցներով` «ինչո՞ւ եք փակում փողոցը, ինչո՞ւ եք խանգարում մեզ հանգիստ ապրել», փորձել են ցրել ընդդիմության երթը: Այդուհանդերձ, կարճատեւ ծեծկռտուքից հետո նրանք եւս նահանջել են:

Մոտ 20 րոպե Մոսկվայի կենտրոնով անցնելուց հետո ընդդիմադիրները մոտեցել են մետրոյի մեկ այլ կայարանի եւ հեռացել այնպես, ինչպես եկել էին:

Ըստ լրատվական գործակալությունների, հատուկ ջոկատայինները տեղ են հասել, երբ ցուցարների մեծ մասը արդեն ցրվել էր: Մի քանի հոգեւ ձերբակալելուց հետո ոստիկանությունը եւս հեռացել է:

Ընդդիմության ներկայացուցիչները խոստովանում են, որ վերջին մի քանի տարիներին սա առաջին դեպքն էր, երբ Կրեմլի քաղաքականությունից դժգոհ ուժերը կարողացան եթե ոչ շատ բազմամարդ, բայց գոնե աղմկոտ ցույց կազմակերպել Մոսկվայի հենց կենտրոնում: «Զանգվածային բողոքի ակցիաների փաստացի արգելքի պայմաններում ընդիմությունը հաջողությամբ օգտագործեց անսպասելիության գործոնը», - նկատում են վերլուծաբանները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG