Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Կա գործընթաց, որոշակի առաջընթաց, սակայն` ոչ արդյունքներ»


«Կա բանակցային գործընթաց, որոշակի առաջընթաց, սակայն` ոչ արդյունքներ, եւ դա մեծ խնդիր է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն սկզբունքների հիման վրա, եւ դրանք միջազգային իրավունքի սկզբունքներն են, չկան այլ սկզբունքներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Իսկ այդ միջազգային իրավունքի սկզբունքները ենթադրում են մեր հողից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում եւ ներքին տեղահանված անձանց վերադարձ այդ հողը», - ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահի կարծիքով` «հայերն իրենք պետք է որոշեն, թե որն է այդ հողը օկուպացման մեջ պահելու օգուտը»:

«Նրանք մեկուսացված են տարածաշրջանից, նրանք մեկուսացված են էներգետիկ նախագծերից, խողովակաշարերից, երկաթգծերից, եւ առանց Ադրբեջանի եւ մյուս հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու նրանց դժվար կլինի մեկուսացման մեջ ապրել հետագայում», - նշել է Ալիեւը:

Անդրադառնալով իր երկրում մարդու իրավունքների վիճակին` Ադրբեջանի նախագահը վստահեցրել է. - «Եթե քննադատությունը արդարացված է եւ երբ այն գալիս է պատկառելի աղբյուրից, մենք ավելի քան պատրաստ եւ պատրաստակամ ենք քննարկելու այն: Երբեմն տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից մեր լսած քննադատությունը չի անհանգստացնում մեզ, քանի որ այդ քննադատությունը հիմնականում կողմնակալ է»:

«Եթե նայեք մեր տարածաշրջանին, կտեսնեք, որ հարեւան երկրները, որոնք իրենց ժողովրդի նկատմամբ կոպտորեն ոտնահարում են մարդկային տարրական իրավունքները, քննադատության առարկա չեն դառնում, ինչպես` Հայաստանը», - հայտարարել է Իլհամ Ալիեւը` շարունակելով. - «Արդյո՞ք կատարյալ է ժողովրդավարական զարգացման հետ կապված իրավիճակը Ադրբեջանում: Ոչ: Բայց որտե՞ղ է այն կատարյալ»:

Ադրբեջանում նախագահի պաշտոնավարման ժամկետների վերացման հարցով անցկացվելիք հանրաքվեի վերաբերյալ Ալիեւը ասել է. - «Հանրաքվեն ժողովրդավարական ընթացակարգ է, որը որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռում ժողովրդին, ինչպես ցանկացած այլ երկրում: Դուք չեք գտնի Եվրամիության անդամ որեւէ երկիր, որի առաջնորդը չկարողանա ընտրվել այնքան անգամ, որքան անգամ ժողովուրդը ցանկանում է, որ նա լինի այդ պաշտոնում: Ժողովրդավարակա՞ն է դա արդյոք: Այո: Հետեւաբար, նույնը պետք է կիրառվի Ադրբեջանի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG