Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «225 եւ 300 հոդվածներով հարուցված գործը շինծու է»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, հայաստանյան իշխանությունները «գիտակցել են, որ «7-ի գործը» շինծու է, եւ այն «փակելու միակ փակելու միակ ճանապարհը Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները փոփոխելն է»:

ՀԺԿ-ի նախագահի համոզմամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիվ 1643 բանաձեւից «քաղբանտարկյալներ» տերմինը հանեց հենց այդ պատճառով, որ «Հայաստանի իշխանությունները խոստացել են այդ հարցին մինչեւ ապրիլ լուծում տալ»:

«Ըստ էության, իշխանությունները խոսք են տվել, որ այդ հարցը լուծելու են` փոփոխության ենթարկելով Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Բայց հարցն այն է, որ այդ հոդվածներով հարուցված մեղադրանքները, [ամբողջ] գործը շինծու է... Ընդդիմությունը որեւէ հեղաշրջման փորձ չի կատարել»:

«Հասկանալի է, որ սրանով վարչախումբը փորձում է փրկել իր դեմքը, բայց կան նաեւ այլ քաղբանտարկյալներ, այլ հոդվածներով... Բոլորի հարցը պետք է լուծվի: Ես հուսով եմ, որ իշխանությունները քայլեր կանեն: Եվ ի վերջո, նաեւ պետք է գիտակցեն, որ եթե Եվրոպայի խորհուրդը ձայնի իրավունքից չզրկեց պատվիրակությանը, դա չի նշանակում, որ հարցը հանգուցալուծվել է, որ ճգնաժամը հաղթահարվել է»:

Ստեփան Դեմիրճյանը հաստատեց այս շաբաթ ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսի տարածած տեղեկությունները, թե իշխանությունները արդեն սկսել են ոստիկանության միջոցով ընդդիմության ակտիվիստներին զգուշացնել, որպեսզի վերջիններս չմասնակցեն մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին:

«Նման ինֆորմացիա կա», - ասաց ՀԺԿ-ի առաջնորդը: - «Շատ ակտիվիստների «մշակում են», որպեսզի հանրահավաքին չմասնակցեն... Փաստեր կան... Սակայն, բոլոր դեպքերում, հանրահավաքը կլինի եւ, ես կարծում եմ, բավականին բազմամարդ հանրահավաք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG