Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Դավոսում հայտնվել է քաղաքական խոշոր սկանդալի կենտրոնում:

Էրդողանը ուղեւորվել է մի սրահ, որտեղ նախատեսված էր Մերձավոր Արեւելքի խնդրին նվիրված քննարկում: Դրան մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Հանդիպումը վարել է ամերիկացի անվանի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:

Թուրքիայի վարչապետը խոսել է 12 րոպե, նա դատապարտել է Իսրայելի գործողությունները` նշելով, որ դրանց արդյունքում զոհվել են մեծ թվով խաղաղ մարդիկ, այդ թվում` երեխաներ: Պերեսը խոսել է 25 րոպե: Նա արդարացրել է ռմբահարումները եւ գրեթե գոռալով դիմելով Էրդողանին՝ հռետորական հարց է տվել. - «Դուք ի՞նչ կանեիք, եթե Ստամբուլը ամեն գիշեր հրթիռակոծվեր»: Զայրույթից կարմրած Էրդողանը փորձել է պատասխանել, սակայն բանավեճը վարող Իգնատիուսն առարկել է:

Էրդողանը դա անվանել է իր նկատմամբ խտրականություն եւ ի նշան բողոքի՝ հեռացել է սրահից, ասելով, թե, հավանաբար, այլեւս Դավոս չի գա: Ավելի ուշ նա հրավիրել է ասուլիս, որին մասնակցել է Դավոսի տնտեսական համաժողովի նախագահ Կլաուս Շվաբը:

«Ես ինձ թույլ չեմ տվել բարձր տոնով խոսել Պերեսի հետ` հարգելով նրա պատկառելի տարիքը, ավելին, բոլոր քննարկումներում ես ընդգծել եմ, որ հրեատյացությունը մարդկության դեմ հանցագործություն է», - ասել է Թուրքիայի վարչապետը եւ նշել, որ Շվաբի հետ կքննարկի Դավոսի ֆորումին իր հետագա մասնակցության հարցը:

Կլաուս Շվաբը խորը ափսոսանք է հայտնել այդ միջադեպի համար:

Այսօր վաղ առավոտյան արդեն Թուրքիայի վարչապետը վերադարձել է Ստամբուլ, որտեղ նրան ընդունել են որպես հերոսի: Օդանավակայանում հազարավոր մարդիկ թուրքական ու պաղեստինյան դրոշներով ու «Թուրքիան ձեզ հետ է», «Էրդողանը նոր համաշխարհային առաջնորդ է» պաստառներով սպասում էին վարչապետի օդանավի վայրէջքին:

Դիմելով նրանց` Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելի նախագահի խոսքի բովանդակութունն ու տոնը «բացարձակ անընդունելի էր», եւ ինքը պետք է պաշտպաներ Թուրքիայի պատիվը:

«Ես ուղղակի պարտավոր էի պաշտպանել Թուրքիայի ու թուրք ժողովրդի պատիվը: Ես ինչ-որ ցեղախմբի առաջնորդ չեմ, ես Թուրքիայի վարչապետն եմ եւ ունեմ որոշակի պարտականություններ», - ասել է նա:

Թուրքիայում շատ բացասաբար են ընդունել Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական օպերացիան, այդ իսկ պատճառով Դավոսում Էրդողանի պահվածքը երկրում համընդհանուր հավանության է արժանացել:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Շիմոն Պերեսի մամլո խոսնակ Այելեթ Ֆրիշը հերքել է դավոսյան միջադեպից հետո տարածված տեղեկությունները, թե Պերեսը զանգահարել է Էրդողանին ու ներողություն խնդրել նրանից: Այնուհանդերձ, խոսնակը հաստատել է, որ Իսրայելի նախագահը զանգահարել է Թուրքիայի վարչապետին, եւ նրանց միջեւ «բարեկամական զրույց» է կայացել:

«Զրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ իր գործողություններն ուղղված էին ոչ թե Պերեսի, այլ համաժողովը նախագահողի դեմ, ով ընդհատել էր իրեն», - վստահեցրել է Ֆրիշը:


Արմեն Քոլոյան եւ Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG