Մատչելիության հղումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպություն. «Կանգնած ենք զբաղվածության համաշխարհային ճգնաժամի առաջ»


Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում այս տարի ավելի քան 50 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից: Այդ են վկայում Աշխատանքի միջազգային կազմակերպության վերջին հետազոտության արդյունքները:

«Եթե տնտեսական անկումը շարունակվի, ինչի մասին խոսում են տնտեսագետները, ապա աշխատանքային շուկայում իրավիճակը կարող է կտրուկ սրվել», - հայտարարել է կազմակերպության նախագահ Խուան Սոմավիան եւ ընդգծել. - «Մենք այժմ կանգնած ենք զբաղվածության համաշխարհային ճգնաժամի առաջ»:

«Մենք հետեւում ենք աշխատանքային շուկայի զարգացումներին` 1991 թվականից ի վեր», - ասել է հետազոտության հեղինակներից մեկը` Lոուրենս Ջոնսոնը եւ հավելել. - «Ակնկալվում է, որ 2009-ին գործազրկությունը կկազմի ավելի քան 7 տոկոս, ինչը 90-ականներից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»:

Կազմակերպության ղեկավարները շեշտում են, որ այս կանխատեսումները ոչ թե խուճապային են, այլ իրատեսական: «Մի շարք երկրների կառավարություններ հասկանում են սա եւ հակաճգնաժամային քայլեր են ձեռնարկում», - ասել է կազմակերպության ղեկավարը` նկատելով. - «Հաջողություն արձանագրելու համար, սակայն, այդ քայլերը պետք է ավելի վճռական լինեն եւ փոխհամաձայնեցված»:

Փորձագետների համոզմամբ, մասնավորապես, եթե գերտերությունների նախաձեռնած հակաճգնաժամային քայլերը արդյունավետ լինեն, ապա գործազրկության ընդհանուր մակարդակը կարող է շուրջ երեք անգամ պակաս լինել` 50 միլիոնի փոխարեն աշխատանքից կարող է զրկվել 18 միլիոն մարդ:

Գործազրկության ամենաբարձր ցուցանիշներից մեկն էլ փորձագետները կանխատեսում են ԱՊՀ-ի երկրներում. - «ԱՊՀ-ի երկրներում գործազրկության աճը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ արտերկրում աշխատանքը կորցնելուց հետո մարդիկ ստիպված են լինելու հայրենիք վերադառնալ` անհարկի ծախսերից խուսափելու համար: Մեր կանխատեսումներով` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրներում այս տարի գործազրկությունը կհասնի շուրջ 10 տոկոսի, ինչը բավական տագնապալի ցուցանիշ է»:

Գործազրկության աճից բացի, կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ մինչեւ ճգնաճամի հաղթահարումը աշխատանքային պայմանները կարող են զգալիորեն վատանալ, իսկ ընդհանուր աշխատավարձի չափը` նվազել:

Աղքատության տարածումը կանխելու եւ միջին խավի կյանքի որակը պահպանելու համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հորդորում է աշխարհի զարգացած երկրների ղեկավարներին համատեղել ջանքերը եւ ապրիլին Lոնդոնում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ միասնական ծրագրեր մշակել` նոր աշխատատեղեր ստեղծելու եւ համաշխարհային տնտեսությունը խթանելու համար:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG