Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 22:30, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների 2008 թվականի սեպտեմբերի 6-ի հանդիպումով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած բեկումը, որն իր շարունակությունն ունեցավ երկու երկրների արտգործնախարարների միջեւ կայացած հետագա հանդիպումներով: Սերժ Սարգսյանը եւ Ռեջեփ Էրդողանը դրական են գնահատել իրենց առաջին հանդիպման արդյունքները եւ հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին լրացուցիչ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքիայի վարչապետին հանդիպելու հնարավորության մասին, սակայն մանրամասներ չի հայտնել: «Այո, ես կարեւոր եմ համարում այս հանդիպումը: Այն շատ արդյունավետ էր: Ես տեսնում եմ, որ վարչապետը կողմ է մեր հարցերի կարգավորմանը: Կարծում եմ, սա դրական ազդակ է», - ասել է Սերժ Սարգսյանը:

CNN-Turk հեռուստակայանի վկայությամբ` Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը տեւել է մոտ 20 րոպե:

«Նախքան Հայաստանի նախագահին հանդիպելը, ես հանդիպել եմ իմ եղբորը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Դա շատ լավ, կարեւոր հանդիպում էր: Ամենասկզբից դա այդպես էր եւ միշտ այդպես է լինելու: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք երբեք Ադրբեջանին միայնակ չենք թողնի: Կարծում եմ, Հայաստանի նախագահն ըմբռնումով է գնահատում այդ հանգամանքը», - ասել է Էրդողանը` հավելելով, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ ուղիղ շփումներին:

Երեկ ավելի վաղ Դավոսի համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում, որի օրակարգում Կովկասում ստեղծված կացությունն էր: Բանախոսների թվում էին Թուրքիայի վարչապետը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Մանուչեհր Մոթաքին եւ Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս հույս է հայտնել, որ երկու երկրներն ի զորու կլինեն բարելավել հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Շվեյցարիայի նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ արձանագրվել է երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Հանդիպման մասնակիցները նկատել են, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:

Կողմերն ամփոփել են տնտեսական գործակցության բնագավառում 2008 թվականին արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառության արդեն 1 միլիարդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար:

Հայաստանի եւ Շվեյցարիայի նախագահների հանդիպման ընթացքում շեշտվել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաեւ ընդգծել Շվեյցարիայի մշտապես հավասարակշռված դիրքորոշումը տարբեր միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG