Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր գործչի, հայաստանյան պատվիրակությանը ձայնից չզրկելու պատճառը Ղարաբաղյան բանակցություններում հնարավոր առաջընթացն է


Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերից Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, նախկինում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, Վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը քվեարկության իրավունքից չզրկելու միակ պատճառը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում hնարավոր առաջընթացն է:

«Սերժ Սարգսյանը չէր համաձայնի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ Դավոսում, եթե Հայաստանը ձայնի իրավունքից զրկված լիներ: Չէր կարող Սերժ Սարգսյանը հանդիպել Իլհամ Ալիեւի հետ պարիտետը խախտված», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր փաստարկեց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, եթե հայաստանյան պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում զրկվեր քվեարկության իրավունքից, Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում կհայտնվեր, քանի որ ձայնից չզրկվելու համար «տրված գինը» շատ ավելի կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ այդ գինը, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` Ղարաբաղի հարցում զիջումներն են Հայաստանի կողմից:

«Այն, որ մենք հիմա գին ենք տալիս, որ` մեզ մի զրկեք, մենք պատրաստ ենք Ղարաբաղի հարցում այս-այս զիջումները նորից անելու... Ես դրա համար էի գտնում, որ, եթե զրկեն, իշխանությունը կսթափվի: Իշխանությունը կփորձի հասկանալ, որ ինքը հերիք է այս երկրի հաշվին զիջումների գնա, իշխանությունը կփորձեր գնալ իրական բարեփոխումների»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պնդումներին, թե պատրաստ են ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները եւ դրանով լուծել քաղբանտարկյալների խնդիրը, Հովհաննիսյանը ասաց, թե իր ընկերների` արդեն ավելի քան 11 ամիս անազատության մեջ գտնվելու համար այդ հոդվածները չեն մեղավոր: Նրա խոսքով, ընդդիմադիր գործիչներին ազատազրկելու համար «իշխանությունները կարող են գտնել նաեւ այլ հոդվածներ», ուստի խնդիրն այստեղ քաղաքական եւ ոչ թե իրավական հարթության մեջ է: Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, այդ հոդվածները փոփոխելով, չեն տրվի մի շարք հարցերի պատասխաններ, ասենք` ովքե՞ր սպանեցին 10 անմեղ մարդկանց, ո՞վ տվեց զենք կիրառելու հրամանը եւ այլն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG