Մատչելիության հղումներ

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը կտրվի մայիսին


Եվրամիության ղեկավարությունը նախկին խորհրդային 6 երկրների հետ Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը կտա մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես»-ը` վկայակոչելով Եվրամիության նախագահությունում իր աղբյուրները:

Ծրագրով, որում առաջարկվում է ընդգրկել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, Եվրամիությունը նախատեսում է մեծացնել ֆինանսական աջակցությունը այդ երկրներին ու սերտացնել տնտեսական եւ քաղաքական կապերը նրանց հետ:

Ըստ նույն աղբյուրի, դեռեւս հստակեցված չէ գագաթնաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցության հարցը: Անցած տարվա հոկտեմբերին Եվրամիության երկրների արտգործնախարարները սառեցրել են Լուկաշենկոյի եւ Բելառուսի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված` Եվրամիության երկրներ մուտքի արգելքը, դա բացատրելով Բելառուսում ժողովրդավարությունը խթանելու ձգտմամբ:

Չեխ անանուն դիվանագետը հավանական է համարել նաեւ, որ նույն կամ հաջորդ օրը Եվրամիության ղեկավարությունը անցկացնի մեկ այլ գագաթնաժողով` Կասպյան տարածաշրջանից Թուրքիայով դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման «Հարավային միջանցք» ծրագրում ներգրավված երկրների, մասնավորապես` Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ:

«Հարավային միջանցքի» եւ հատկապես Nabucco գազատարի նախագիծը Եվրամիության համար նոր կարեւորություն ձեռք բերեց գազի մատակարարման շուրջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ վերջին վեճի պատճառով, որի հետեւանքով այս ամիս շուրջ երկու շաբաթ եվրոպական սպառողները ռուսական գազ չէին ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG