Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը խիստ նկատողություն է հայտարարել առողջապահության երկու փոխնախարարներին


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ահազանգեր է ստանում Հայաստանի քաղաքացիներից այն մասին, որ շատ պաշտոնատար անձինք չարաշահում են իրենց պաշտոնը եւ իրենց զգում են անպատժելի կարգավիճակում: Նիստից հետո կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, վարչապետի որոշմամբ խիստ նկատողություն է հայտարարվել առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին:

«Ցավոք սրտի, այս երեւույթը դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետությունում, եւ ես ահազանգեր եմ ստանում մեր քաղաքացիներից, որ շատ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնը չարաշահում են, չեն գիտակցում, որ այդ պաշտոնը տրված է նրա համար, որպեսզի ծառայեն ժողովրդին, այլ ոչ թե այդ պաշտոնը օգտագործեն իրենց անձնական շահերի համար եւ, ստանձնելով պաշտոնը իրենց զգան անպատժելի կարգավիճակում: Դա մեզ համար անընդունելի է», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը շուտով ընդունելու է պետական ծառայողի վարքագծի վերաբերյալ էթիկայի կանոնակարգ, որով սահմանված նորմերը պետք է բոլոր պետական պաշտոնյաների համար պարտադիր լինեն:

«Ովքեր իրենց չեն պատկերացնում այդ կանոնների ներքո, պետք է դիմում գրեն եւ ազատվեն աշխատանքից», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը: - «Կոպտությունը, բռիությունը, լկտիությունը ուժեղ ղեկավարի հատկանիշներ չեն: Դրանք թույլ ղեկավարի հատկանիշներ են, եւ մենք, ձեզ հետ միասին, պետք է պայքարենք դրա դեմ», - շեշտեց վարչապետը:

Կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը չհրապարակեց, թե ո՞ր փոխնախարարներին է խիստ նկատողություն հայտարարել, կամ թե հասարակական ո՞ր վայրում եւ ինչպե՞ս են իրենց պահել այդ պաշտոնյաները:

Հավանաբար, առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանին եւ Աբրահամ Մանուկյանին խիստ նկատողություն է հայտարարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 16-ի մի հրապարակման առիթով, ըստ որի՝ անցած տարվա դեկտեմբերի 27-ի երեկոյան փոխնախարարները ծեծկռտուք են սարքել Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Կակտուս» ռեստորանում:

Միջադեպի առնչությամբ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը այսօր հաղորդագրություն է տարածել, որի համաձայն` Հատուկ քննչական ծառայությունում 2009 թվականի հունվարի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց, կամ` կազմակերպված խմբի կողմից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի նախապատրաստած նյութերով պարզվել է, որ առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը որդու՝ Արթուր Մանուկյանի եւ մի խումբ անձանց հետ միասին, ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, 2008 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոց պողոտայում գտնվող «Կակտուս» ռեստորանի դիմաց, փողոցի մարդաշատ վայրում ծեծի են ենթարկել էներգետիկայի նախկին նախարար, ներկայումս Միջազգային էներգետիկ կորպորացիայի ղեկավար Մելս Հակոբյանին, Էդգար Ներսիսյանին, Կարեն Պողոսյանին եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Հատուկ քննչական ծառայության վարույթում նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG