Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի հարցին` արդյոք ԵԽԽՎ-ի կողմից 1643 բանաձեւի ընդունումը կարելի՞ է համարել իշխանությունների հաղթանակ, հետեւաբար նաեւ` Հայ ազգային կոնգրեսի պարտությունը, Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. - «Ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ այն, որ ԵԽԽՎ-ն արդեն երրորդ բանաձեւն է ընդունում քաղբանտարկյալների վերաբերյալ, դա ոչ թե իշխանությունների հաղթանակն է, այլ հակառակը, նրանց խայտառակությունը: Եվ երկրորդ` բնականաբար, խաղը դեռ ավարտված չէ, եւ լուրջ պրոցեսներ են գնում, եւ կարծում եմ, որ ԵԽ կառույցները այսուհետեւ ավելի խիստ կհետեւեն քաղբանտարկյալների իրավիճակի հետ կապված խնդիրներին»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է ընդդիմության առաջիկա հանրահավաքը կանխելուն ուղղված` իշխանությունների ջանքերին. - «Արդեն մի քանի օր է, Երեւանի տարբեր թաղամասերում թաղային լիազորները այցելում են ընդդիմության ակտիվիստների բնակարանները եւ փորձում համոզել նրանց չմասնակցել մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին: «Աննկուն» լիազորները գրանցում են ակտիվիստների ընտանիքների անդամների անունները, ընդ որում` այնքան մանրակրկիտ, որ նախօրեին Դավիթաշեն համայնքում գրանցել են անգամ 4 տարեկան երեխայի անունը: Գրանցումների ընթացքում թաղայինները հարկ են համարում ակտիվիստների «ինֆորմացնել», որ իրենք ունեն նրանց ընտանիքների բոլոր անդամների նկարները: Նախօրեին էլ, երբ քաղաքացիներից մեկը թաղայինին հարցրել է` էս ի՞նչ հաշիվ է, իր խոսքերով, ստացել է բառացիորեն հետեւյալ պատասխանը` հեսա մարտի 1-ից նորից սկսվում է, շատ ենք խնդրում, մի գնացել հանրահավաք, էլի»:

Անդրադառնալով նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Շվեյցարիայում կայացած հանդիպմանը, «Հրապարակ»-ը բխեցնում է. - «Չնայած կոնֆլիկտի բուն կողմի` ղարաբաղյան հասարակության եւ իշխանությունների հնչեցրած տեսակետին, թե` առանց Լեռնային Ղարաբաղի անհնար է հասնել վերջնական կարգավորման, փաստորեն այս անգամ էլ չարծարծվեց բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը: Եվ, իհարկե, այս անգամ էլ չի ստորագրվել շրջանակային որեւէ փաստաթուղթ: Ավելին` նախարար Նալբանդյանն ասել է, թե բազային փաստաթուղթը դեռ պետք է մշակվի: Այսինքն, ոչ մի կոնկրետ արդյունք ցյուրիխյան հանդիպումից չի արձանագրվել: Այլ կերպ ասած` սա ղարաբաղյան թեմատիկայով կողմերի եւ համանախագահների հերթական շրջապտույտն էր, որին, սակայն, անհաղորդ էին Շվեյցարիայի մեկ այլ քաղաքում հավաքված աշխարհի հզորները. նրանք զբաղված էին գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցերով»:

Նույն թեման զարգացնելով եւ կապ տեսնելով ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի ու Սարգսյան - Ալիեւ հանդիպման միջեւ` «Ժամանակ» թերթի խմբագրականն անփոփում է. - «Լեռնային Ղարաբաղի խնդրում Սերժից զիջումներ են ակնկալում շատ կոնկրետ ժամկետներում, շատ կոնկրետ գործընթացում: Այս տրամաբանությունը հուշում է, որ կարգավորման գործընթացի վիժեցման պարագայում Սարգսյանի գարնանային նամակ-խնդրագիրն անգամ կարող է որեւէ ազդեցություն չունենալ: Սակայն այսօր աշխարհը սպասում է Սարգսյանի խոստումներին ու առնվազն Եվրախորհրդի մակարդակով չի ուզում խախտել պարիտետային սկզբունքը հակամարտության երկու կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանից գլխավոր դասը պետք է քաղեն հենց Հայաստանում. իշխանությունները պետք է դադարեն լեգիտիմություն մուրալ օտար մայրաքաղաքներում, որովհետեւ վստահություն տվող միակ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, իսկ վերջինս Սերժին մարտի 1-ի սպանդի պատասխանատու է համարելու այնքան ժամանակ, քանի դեռ գեթ մեկ անմեղ մարդ անազատության մեջ է: Ընդդիմությունը նույնպես հետեւություններ անելու խնդիր ունի` ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Հարկ է ապացուցել, որ հաջողության գլխավոր բանալին ժողովուրդն է»:

Նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի ցյուրիխյան հանդիպումը հետեւյալ կերպ է գնահատում «Կապիտալ» օրաթերթը. - «Այս հանդիպման ամենաէական արդյունքը հանդիպումն է: Այս անգամ թերեւս ճիշտ էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպումից որոշակի արդյունք չէր ակնկալում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին սկսվել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գործով էլեկտրոնային աճուրդը։ Սակայն սա տվյալ գործով առաջին աճուրդը չէ։ Առաջին անգամ այն մեկնարկեց 2008 թվականի դեկտեմբերի 19-ին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, աճուրդի չորս օրվա ընթացքում չի եղել գեթ մեկ անձ, որ ցանկանա մասնակցել դրան, այդ նպատակով մուծի կանխավճար ու գրանցվի։ Ինչո՞ւ... Մի՞թե «Բջնի» հանքային ջրերի գործարանը» տնտեսական առումով հետաքրքրություն չներկայացնող ընկերություն է, որպեսզի չլինեն ցանկացողներ։ Իհարկե ոչ։ Այդ ընկերությունը, պատկերավոր ասած, նստած է փողի տոպրակի վրա։ Ուրեմն ի՞նչն է պատճառը... Գուցե այդ պատճառը պետք է որոնել Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի կողմից առաջին աճուրդի մեկնարկից մոտ երեք շաբաթ առաջ՝ նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ. «Իսկ այն անձին, ով աչք է դրել մեր գույքի վրա եւ ուզում է այն խլել, ապա թող իմանա, որ այդ «աչքը» կհանեմ...»։

«Առավոտ» թերթում անդրադարձ կա վերջին օրերին մեծ աղմուկ առաջացրած հաշվիչ դրամարկղային մեքենաների թեմային. - «Առեւտուր եւ սպասարկում իրականացնող ընկերությունները հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) գնելու եւ կիրառելու «գլխացավանքից» չազատված՝ կանգնեցին մեկ այլ խնդրի առաջ։ Պարզվում է, որ 50-75 հազար դրամ արժողության ՀԴՄ-ներից շատերն այնքան անորակ են, որ տեղադրումից հետո բավական է շահագործողը սարքի հետ մի փոքր անզգույշ վարվի, այն անմիջապես դառնում է օգտագործման համար ոչ պիտանի։ Տնտեսվարողների հավաստմամբ, որոշ ՀԴՄ-ներ էլ կարծես նախատեսված են միանգամյա օգտագործման համար, քանի որ տեղադրումից ընդամենը մի քանի օր անց՝ այլեւս անհնար է դառնում դրանց շահագործումը եւ ստիպված են լինում կամ դարձյալ գումար ծախսել այն վերանորոգելու, կամ էլ նորը ձեռք բերելու համար։ Ընդ որում, «Առավոտին» դիմած որոշ տնտեսվարողների ներկայացմամբ, երբ իրենք ՀԴՄ-ները տվել են վերանորոգելու, պարզվել է, որ դրանցից շատերը վերանորոգման ենթակա չեն, մասնագետներն էլ խորհուրդ են տվել դրանք դեն նետել եւ նորը գնել»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG