Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հայոց բանակը կանգնած է եղել անկախության ակունքներում»


Նորանկախ Հայաստանի բանակի կազմավորման 17-ամյակի կապակցությամբ այսօր Եռաբլուր պանթեոնում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասաց, որ բանակը իր խնդիրներն իրականացրել է «միահամուռ ուժերի շնարհիվ»:

«Այսօր մենք անկասկած հպարտության զգացումով ենք տածված, որովհետեւ դարեր ի վեր մենք չենք ունեցել կանոնավոր բանակ եւ այսօր մենք ունենք այդ կանոնավոր բանակը, որը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում եւ ամեն ինչ արել է, որ այսօրվա մեր ժողովրդի խաղաղ արարումը ապահովի», - ասաց պաշտխանության նախարարը` վստահեցնելով, որ բանակն այսօր էլ շարունակում է իրականացնել իր առաքելությունը եւ, առաջին հերթին, հուսալիորեն պաշտպանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանները:

Սեյրան Օհանյանը կարեւոր համարեց բանակում բարեփոխումների իրականացումը. - «Մենք մի աստիճանի ենք հասել` թե’ քանակական, թե’ որակական, թե’ կառուցվածքային եւ ապահովման խնդիրներով, որ այսուհետ պետք են որոշակի բարեփոխումներ, որպեսզի մենք հետագա զարգացումը կարողանանք ապահովել եւ բանակը համապատասխանեցնել այսօրվա գործող ժամանակակից առաջատար չափանիշներին»:

Նախարարի գնատահմամբ` դա է պահանջում «ե’ւ անվտանգության միջավայրի վերլուծությունը, ե’ւ սպառնալիքների գնահատումը». - «Դրա համար 2008 թվականին մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրներից մյուսը բարեփոխումների շրջանակներում, դա ռազմավարական պլանավորման վերանայումն էր, որ մենք իրականացրեցինք»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով նույնպես Եռաբլուրում էր, այդ ընթացքում շրջապատել էին մի խումբ կանայք` զոհված զինվորների մայրեր, եւ դժգոհում էին իրենց սոցիալական վիճակից:

Վարչապետը, սակայն, անպատասխան թողեց բողոքներն ու հեռացավ:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG