Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգ. «Վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ չի դադարեցվելու»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` հայաստանյան պատվիրակությանը ձայնից չզրկելու վերաբերյալ երեկ կայացրած որոշումը դեռեւս չի նշանակում, որ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դադարեցվելու է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Ինչ վերաբերում է Հայաստանի քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգությունները») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներում նախատեսվող փոփոխություններին, ապա, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքերով, այդ հոդվածները չափազանց անորոշ ձեւակերպումներ ունեն, ինչը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս: Թոմաս Համմարբերգի կարծիքով, եթե դրանք փոխվեն, արդյունքը կլինի այն, որ դատախազը կվերացնի այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքները, դրանով իսկ` կփոխվի նաեւ իրավիճակը:

Երեւան կատարած վերջին այցի ժամանակ` անցյալ տարվա նոյեմբերին, Համմարբերգը հայտարարել էր, որ քննադատելու է արդեն ավարտված որոշ դատավարությունների ընթացքը եւ «7-ի գործով» նախաքննությունը, իսկ «7-ի գործի» վերաբերյալ իր վերջնական կարծիքը խոստացել էր հայտնել ավելի ուշ: Այդուամենայնիվ, նա այն ժամանակ արդեն որոշակի կասկածներ հայտնել էր` նշելով, որ բավարար ապացույցներ չկան անգամ դատավարությունը սկսելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրա՞ստ է այժմ հայտնել վերջնական կարծիքը, Համմարբերգը պատասխանեց. - «Քանի դեռ չի սկսվել դատավարությունը, ես չէի ցանկանա որեւէ տեսակետ կամ կարծիք հայտնել: Իմ եզրակացությունները կհրապարակեմ, երբ դատավարությունն ավարտվի: Այն ժամանակ կարող ենք ասել` կայի՞ն հիմքեր մեղադրանքի համար, թե՞ ոչ»:

«Նոյեմբերին դուք ավելի կոշտ դիրքորոշում ու տեսակետներ էիք հայտնում, ի՞նչ է փոխվել դրանից հետո», - այս հարցին Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը արձագանքեց. - «Իրականությունն այն է, որ 7 կալանավորները եւ մյուս դատապարտյալները եթե անմեղ են, ապա չպետք է բանտում լինեն: Ուստի այդ առումով էլ չափազանց կարեւոր է «7-ի գործով» դատավարությունը, որովհետեւ եթե ապացույցներ չներկայացվեն, որ նրանք քրեորեն պատժելի արարք են կատարել, ապա պետք է ազատ արձակվեն: Վճիռը կայացվելու է դատավարության ավարտին, որն էլ ցույց կտա` ամեն ինչ արդա՞ր է եղել, թե՞ ոչ»:

«7-ի գործով» դատավարության մեկնարկը քանիցս հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը հրաժարվում է ոտքի կանգնել դատավորի`դատարանի դահլիճ մտնելիս:

Տվյալ գործով անցնող 7 ընդդիմադիր գործիչները` նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով` սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեջ: Մյասնիկ Մալխասյանին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու, Սասուն Միքայելյանին` ապօրինի զենք կրելու մեջ:


Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG