Մատչելիության հղումներ

Այսօր Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Առաջիկա օրերին ալպյան այս հանգստավայրում են հավաքվելու ավելի քան հինգ տասնյակ պետությունների նախագահներ ու վարչապետներ` այդ թվում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարները: Ցյուրիխում այսօր կայանալիք բանակցություններից հետո Դավոս կժամանեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ում ելույթը նախատեսված է Դավոսի համաժողովի բացման ժամանակ, Շվեյցարիա մեկնելուց առաջ ծավալուն հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը: Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Ռուսաստանի վրա թողած ազդեցության մասին, Պուտինը բացառել է 90-ականների վերջին տեղի ունեցածի կրկնությունը: «Նոր դեֆոլտ չի լինի», - վստահեցրել է նա:

«Ռուսաստանը դարձել է համաշխարհային տնտեսության մի մասը, եւ դա այնքան էլ վատ չէ: Այսօրվա իրադարձությունները նաեւ այն գինն են, որը մենք վճարում ենք համաշխարհային տնտեսությանը մաս կազմելու մեր ձգտման դիմաց: Սակայն այն հավասարակշիռ ու խոհեմ քաղաքականությունը, որը մենք որդեգրել էին անցած տարիներին, մեզ միանշանակորեն թույլ է տալիս պնդել` ռուսական տնտեսությունը որակապես տարբերվում է 1998 թվականի տնտեսությունից», - ասել է Պուտինը:

Դավոսյան համաժողովի հիմնադիրն ու նախագահը` տնտեսագետ Կլաուս Շվաբը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս տարվա հիմնական քննարկումները նվիրված են լինելու տնտեսական ճգնաժամին:

«Աշխարհը լուրջ փոփոխություններր ենթարկված կլինի, երբ ի վերջո դուրս գա ներկայիս ճգնաժամային իրավիճակից: Այս ամենի ֆոնին մենք երկու խնդիր ունենք. առաջինը` պետք է մտածենք ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին, երկրորդը` պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսին է լինելու աշխարհը ճգնաժամից հետո: Բանն այն է, որ զարգացումները երկարաժամկետ հեռանկարում դիտարկելով է միայն հնարավոր վերականգնել վստահությունը թե’ տնտեսական համակարգի եւ թե’ առհասարակ ապագայի հանդեպ», - ընդգծել է Կլաուս Շվաբը:

Դավոսյան համաժողովի շրջանակներում նախատեսված են Սերժ Սարգսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ, իսկ Իլհամ Ալիեւը զեկույցով է հանդես գալու էներգետիկ խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG