Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Բանակի օրը


Հայաստանում այսօր նշվում է Բանակի օրը. լրացավ Հայկական բանակի ստեղծման 17-ամյակը:

«Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկի` Հայկական բանակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղծումը դարձավ օրվա ամենաանհետաձգելի հրամայականը: Հայկական բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մարտական կամքն ու հաղթանակի ոգին», - ասված է, մասնավորապես, Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում: - «Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար՝ զսպվածության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը»:

«Մենք հիշում ենք բանակաշինության բոլոր երախտավորներին, մեր զինակիցներին ու մարտական ընկերներին, ովքեր ոչինչ չխնայեցին այսօրվա ու վաղվա Հայաստանի համար: Եվ անշուշտ խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջեւ, ով իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի», - ասված է ուղերձում, որը տարածել են նախագահի մամլո գրասենյակից:

Նշելով, որ Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարեփոխումների հերթական փուլը, Սերժ Սարգսյանը հավելում է. - «Մեր խնդիրը ժամանակակից, մարտունակ ու շարունակական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթական ավանդույթների վրա»:

Բանակի օրվա առթիվ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հղած ուղերձում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մասնավորապես, ասված է. - «Գոհություն Աստծո, որ այսօր զորեղ է մեր բանակը, հաղթական է մեր զինվորների ոգին` միշտ աննվազ սիրով ու նվիրումով առ Հայրենին: Այսօր Հայոց բանակի հուսալի պաշտպանությամբ ապահով են մեր երկրի սահմանները եւ մեր ժողովուրդը խաղաղության մեջ կառուցում է իր նոր, ազատ կյանքը»:

Տոնի կապակցությամբ ուղերձ է հղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG