Մատչելիության հղումներ

Առաջիկա 4 տարիներին Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 525 մլն դոլարի վարկ


«Մենք Հայաստանի իշխանություններին այսօր հաղորդեցինք, որ ներքին բավական երկար քննարկումներից հետո Համաշխարհային բանկը առաջիկա չորս տարվա համար Հայաստանին կտրամադրի 525 միլիոն դոլարի վարկ: Այս գումարը 2,5 անգամ ավելի է, քան Բանկի կողմից Հայաստանին տրամադրված գումարը նախորդ քառամյա շրջանում», - այսօր Երեւանում հայտարարեց Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեու Կացուն:

«Բանկի կողմից աջակցության այդպիսի բարձր ծավալը պայմանավորված է ինչպես Հայաստանում բարեփոխումների հստակ ընթացքով, այնպես էլ մարտահրավերներով, որոնց դիմակայում է Հայաստանը գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում», - հավելեց Կացուն:

Սա, ըստ Համաշխարհային բանկի փոխնախագահի, վերաբերում է միայն Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությանը, սակայն կան միջոցներ, որոնք կհատկացվեն Համաշխահային բանկի խմբի` մասնավոր հատվածին աջակցող ճյուղի` Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Բազմակողմ ներդրումային երաշխիքների հիմնադրամի կողմից. - «Թեեւ ես չեմ կարող հանձն առնել կամ խոստանալ, այդուհանդերձ 4 տարվա համար Հայաստանին տրամադրվող ընդհանուր գումարը կարող է հասնել 800 միլիոն դոլարի»:

Կացուն դժվարացավ պատասխանել, թե 525 միլիոն դոլարից որքանը կարելի է համարել կայունացման վարկ: Ըստ նրա, Համաշխարհային բանկն ունենալու է որոշակի ծրագրեր, որոնք ուղղված են կարճաժամկետ հատվածում մեղմելու ճգնաժամի հատեւանքները:

«Ակնհայտ է, որ Հայաստանի բյուջեի եկամտային մասը կամ մուտքերը տուժելու են, եւ այդ իմաստով մենք, ինչպես եւ նախկինում, շարունակելու ենք օժանդակել աղքատության հաղթահարման ծրագրերի իրականացմանը: Դա կլինի բյուջեի օժանդակության տեսքով, բայց` միտված բարեփոխումների օժանդակությանը», - ասաց նա:

Շիգեու Կացուի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը Հայաստանին հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել:

Ըստ Շիգեու Կացուի, համաշխարհային ճգնաժամը սկսվել է ֆինանսական հատվածի վրա ազդելուց, եւ այս իմաստով Տիգրան Սարգսյանը ճիշտ է: Ինչ վերաբերում է տնտեսության իրական հատվածի վրա ազդեցությանը, ապա, Համաշխարհային բանկի փոխնախագահի գնահատմամբ, այն կարող է շատ ավելի լուրջ լինել. - «Գիտենք, որ Հայաստանն ունի մեծ սփյուռք եւ բազմաթիվ արտագնա աշխատողներ, եւ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ ավանդաբար մեծ մասնաբաժին ունեն արտերկրից ստացվող փոխանցումները: Ի՞նչ կարելի է անել: Սպասել, մինչեւ տեղի կունենա անխուսափելին` կբարձրանա համաշխարհային պահանջարկը»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG