Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը նամակներ է հղել արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր նամակ է հղել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` առաջարկելով քննարկել «7-ի գործով» անցնող պատգամավոր Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ բուժհետազոտման տեղափոխելու նպատակահարմարությունը:

Օմբուդսմենը տեղեկացնում է, որ իր աշխատակազմի ներկայացուցիչները այսօր այցելել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող պատգամավորին, ով հայտնել է, որ դեռեւս 1996 թվականին սրտի ինֆարկտ է տարել, ինչից հետո յուրաքանչյուր տարի մեկ ամիս տեւողությամբ ստացել է ստացիոնար բուժում:

«2009 թվականի հունվարի 25-ին իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուստի անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստիպված է եղել հրավիրել շտապ օգնության անձնակազմ, քանի որ քրեակատարողական հիմնարկում բացակայում են անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ՝ սրտաբաններ: Սասուն Միքայելյանը հայտնել է նաեւ, որ ներկայումս գտնվում է ծայրաստիճան վատառողջ վիճակում եւ անհրաժեշտ է, որպեսզի ստանա ստացիոնար բուժում», - գրել է Արմեն Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, օմբուդսմենը այսօր նամակ է հղել նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով հայտնել, թե ի՞նչ որոշում է կայացվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կիրառված բռնության մասին հաղորդման քնարկման արդյունքում:

«2009 թվականի հունվարի 23-ին իմ ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են կալանավոր Գրիգոր Ոսկերչյանին, որն իր բողոքն է արտահայտել այն հարցի կապակցությամբ, որ դեռեւս 2008 թվականի դեկտեմբերի 23-ին իր շահերի պաշտպան, փաստաբան Ստեփան Ոսկանյանը գրավոր հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ Գրիգոր Ոսկերչյանին քրեակատարողական հիմնարկում ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն մինչ օրս որեւէ պատասխան ոչ ինքը, ոչ իր շահերի պաշտպանը չեն ստացել», - իր նամակում նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG