Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում մի կին 8 երեխա է ծննդաբերել


Լոս Անջելեսի Բելֆլաուեր արվարձանի Kaiser Permanente հիվանդանոցում հունվարի 26-ին մի կին ծննդաբերել է 8 երեխա՝ 6 տղա եւ 2 աղջիկ:

Հիվանդանոցի բժիշկներից Հարոլդ Հենրին DPA լրատվական գործակալությանը փոխանցել է, որ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան վիրահատությամբ: «Ամեն ինչ անցել է շատ լավ, որեւէ բարդություն չի եղել», - ասել է Հենրին, հավելելով, որ երեխաների քաշը 880 գրամից մինչեւ 1 կիլոգրամ 470 գրամ է:

Սպասվածից 9 շաբաթ առաջ լույս աշխարհ եկած նորածիններն այժմ գտնվում են Kaiser Permanente հիվանդանոցի հատուկ ինկուբատորներում, որտեղ միացված են արհեստական շնչառության եւ սնուցման համակարգերին: Ենթադրվում է, որ նորածիններն առնվազն երկու ամիս կմնան հիվանդանոցում:

DPA-ն հայտնում է, որ այդ աննախադեպ ծննդաբերությունն ընդունել է ընդհանուր թվով 46 բժիշկ:

«Մենք գիտեինք, որ մի քանի երեխա կծնվի, բայց երբ տեսանք, որ ութն են, ես աչքերիս չէի կարողանում հավատալ», - ասել է բժշկուհի Քերին Մափլզը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ 1998 թվականին Տեխասում մի կին 8 երեխա էր ծննդաբերել. նորածինները շատ թույլ էին, փոքր քաշով, եւ նրանցից ամենանվազ քաշն ունեցողն ընդամենը մեկ շաբաթ էր ապրել:

Կալիֆորնիայում ծնված 8 երեխաների առողջական վիճակը բժիշկները համարում են համեմատաբար բարվոք:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG