Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Հայաստանի պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ 300 հազար դրամ (մոտ 1000 դոլար) տուգանքի:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցած տարվա նոյեմբերի 19-ի դատավճռով Սմբատ Այվազյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», եւ 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Վերաքննիչ բողոքը բերվել էր Սմբատ Այվազյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից:

Դատական նիստը նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը, ազդարարելով վճիռը՝ «որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավորված է եւ պատճառաբանված, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում բերված փաստարկները հիմք չեն կայացված դատավճիռը բեկանելու», այնուհետեւ կարդաց Սմբատ Այվազյանի գրությունը, որով վերջինս հրաժարվել էր ներկա գտնվել դատավճռի հրապարակմանը:

Դատավճռի հրապարակման կեսից նիստին ներկա գտնվողները լքեցին դատարանի դահլիճը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատավորները ճնշումների ազդեցության տակ են:

«Միանշանակ բողոքարկելու ենք, ոչ թե նրա համար, որ հույս ունենք, թե Վճռաբեկ դատարանը պետք է իր ակտը կայացնեի օրինականության սահմաններում, այլ որովհետեւ ներպետական ատյանները սպառելու խնդիր ունենք», - ասաց Սահակյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG