Մատչելիության հղումներ

«Nabucco-ի աջակիցները ցանկանում են ավելի առարկայական դարձնել քննարկումները»


«Ռուս - ուկրաինական վերջին գազային պատերազմը եւս մեկ անգամ ի ցույց դրեց Եվրոպայի խոցելիությունը` էներգետիկ անվտանգության տեսանկյունից, ինչպես նաեւ այլընտրանքային միջոցներ գտնելու անհրաժեշտությունը», - փաստում են փորձագետներն ու միաժամանակ ընդգծում, որ առայժմ այդ փնտրտուքը լուրջ հաջողություններ չի արձանագրում:

«Ավելի քան 6 տարի շրջանառվող Nabucco խողովակաշարի նախագծի դեպքում` Եվրամիության առաջնորդները դեռեւս չեն գտել կառուցման համար անհրաժեշտ ավելի քան 10 միլիարդ դոլարը, մյուս կողմից` մշուշոտ է նաեւ մատակարարող երկրների ցուցակը», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի Միջին Ասիայի հարցերով փորձագետ Բրյուս Փենիերը, ով այժմ Բուդապեշտում հետեւում է Nabucco-ին նվիրված երկօրյա խորհրդաժողովին:

«Կարծում եմ` ծրագրի աջակիցները ուզում են ավելի առարկայական դարձնել քննարկումները եւ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, մի կողմից, հնարավոր ֆինանսավորողներին, այդ թվում` Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին, մյուս կողմից` հնարավոր մատակարար երկրների` Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի պատվիրակներին, եւ ասել. - «Ահա մենք ունենք փող եւ պատրաստ ենք գնել ձեր գազը. եկեք կոնկրետ պայմանագիր կնքենք», - նշում է փորձագետը:

Ի սկզբանե, 2002 թվականին շրջանառության մեջ դրված ծրագրով նախատեսվում էր օգտագործել իրանական գազը: Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններից հետո, սակայն, ծրագիրը վերանայվեց, եւ հնարավոր մատակարարների շարքում ընդգրկվեցին Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք, ինչպես ընդգծում է Փենիերը, «սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ եւ մինչեւ այսօր վերջնական համաձայնություն չեն տվել այս խողովակաշարին մասնակցելու առաջարկներին»:

Դեռեւս վերջնական չէ պայմանավորվածությունը նաեւ Թուրքիայի հետ, որի տարածքով, ըստ նախագծի, կասպյան գազը հասնելու է Եվրոպա: «Պաշտոնական Անկարան խաղարկում է այս քարտը` Եվրամիությանն անդամակցելու գործընթացն արագացնելու համար», - ընդգծում են փորձագետները` հիշեցնելով վարչապետ էրդողանի վերջին հայտարարությունը. - «Թուրքիան կդադարի աջակցել Nabucco նախագծին, եթե Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակեն սառեցված մնալ»:

«Թուրքիան առանցքային նշանակություն ունի այս նախագծում, առանց Անկարայի աջակցության հնարավոր չէ առաջ շարժվել, ուստի, կարծում եմ, եվրոպացիները կանեն հնարավոր ամեն ինչ` համոզելու Անկարային, որ խողովակաշարի անցկացումը իր տարածքով բխում է նախ եւ առաջ Թուրքիայի շահերից, ինչպես նաեւ հնարավոր է, որ համաձայնեն ավելի հստակեցնել անդամակցության շուրջ բանակցությունները», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի փորձագետը:

«Կասպյան վառելիքի համար տարանցիկ երկիր դառնալուց բացի, Թուրքիան կարող է նաեւ կամուրջ դառնալ Իրանի եւ Եվրամիության միջեւ», - ասում է Բրյուս Փենիերը եւ մանրամասնում. - «Թուրքիան այժմ գործակցում է Թեհրանի հետ եւ որոշ չափով գազ է ստանում Իրանից, այնպես որ` սա կարող է տարբերակ դառնալ Եվրամիության համար` Թուրքիայի միջոցով անուղղակիորեն իրանական գազը Nabucco ծրագրում ընդգրկելու համար»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG