Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Հայաստանում իրավական պետության կայացման գործընթացը «սարսափելի վատ վիճակում է»


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները մարդու իրավունքների հարցում հետընթաց են արձանագրել. ընդդիմադիր պատգամավորը նկատի ունի մամուլի ազատության սահմանափակումները, քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունները եւ մարտի 1-ին կատարված սպանություններն այդպես էլ չբացահայտելը:

«Մինչեւ Հայաստանում մարտի 1-ի մարդասպանների եւ նրանց հրաման տվողների անունները չհայտնաբերվեն, չպատժվեն համապատասխան մեր օրենքին, մենք ունենալու ենք հետընթաց», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Ընդդիմադիր պատգամավորի համար «շատ կասկածելի ձեւով է իրականացվում» նախագահի հրամանագրով մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածներին ներում շնորհելը, մասնավորապես` թե ովքեր եւ ինչպես են ներման խնդրագրեր գրել Սերժ Սարգսյանին:

«Այստեղ կան կասկածներ», - ասաց Ալավերդյանը: - «Արդյո՞ք այդ նույն սադրիչները չեն, որոնք որ այդ ջարդարարությունն են կատարել` ղեկավարվելով ինձ համար անհայտ ուժերի կողմից: Այսօր եւս ղեկավարվելով նույն այդ ուժերի կողմից, հիմա դիմում են` այդ իմիտացիոն գործընթացը, պատկերը ստեղծելու համար»:

Հայաստանի առաջին օմբուդսմեը զարմանալի է համարում, որ մինչեւ այժմ իշխանությունները չեն կարողանում պարզել, թե որ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից են մարդիկ զոհվել: Զարմանալի է նաեւ այն, որ մինչեւ օրս հնարավոր չի եղել հարցեր ուղղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Պետք է վերջապես ունենալ այդ խիզախությունը եւ հստակեցնել, որ Սահմանադրությամբ պատասխանատվությունը կրում է երկրի այն ժամանակվա գործող նախագահը` Ռոբերտ Քոչարյանը», - ասաց Ալավերդյանը` շարունակելով. - «Նա կարողանա տալ վերջապես բոլոր հարցերի պատասխանները, եւ կարեւորը` մենք իմանանք, թե ե՞րբ է մտել գործողությունների մեջ ոստիկանությունը, ո՞վ է այդտեղ եղել այդ պահին հրաման տվողը»:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում իրավական պետություն ունենալու համար, քանի որ իշխանության մեջ գնտվող մի խումբ մարդիկ ամեն կերպ փորձում են պաշտպանել սեփական շահերը. - «Մարդկանց մի խումբ այլեւս պատրաստ են ցանկացած գնով պաշտպանել եւ ապահովել իրենց վերարտադրությունը, մինչեւ անգամ` արյան գնով»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG