Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր բացվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն ի շարս այլ հարցերի պետք է անդրադառնա Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանը:

Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում դեկտեմբերի 17-ին գումարած նիստում հավանություն է տվել նախագծին, ըստ որի` Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել երկու բանաձեւերի կատարման հարցում: ԵԽԽՎ-ն կարող է վճռել, որ Հայաստանը չի կատարել ստանձնած պարտավորությունները եւ որպես պատժամիջոց՝ հայ պատվիրակներին զրկել ձայնի իրավունքից:

Իշխանությունները հավաստիացնում են, որ լուրջ քայլեր են արվում բանաձեւերի կատարման ուղղությամբ. տասնյակ դատապարտվածների ներում է շնորհվել, ստեղծվել է մարտի 1-2-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբը, փոփոխություններ են արվելու Քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգությունները») եւ 300 («Պետական իշխանությունը յուրացնելը») հոդվածներում:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակները՝ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը, Նաիրա Զոհրաբյանը եւ Արծրունի Աղաջանյանը երեկվանից Ստրասբուրգում են: «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչը նստաշրջանին չի մասնակցելու:

Արտախորհրդարանական ընդդիմությունից Ստրասբուրգ են գործուղվել Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ԵԽԽՎ-ի հետ կապերի գծով Կոնգրեսի պատասխանատու Արման Գրիգորյանը:

Պատգամավորներն ու ընդդիմադիրները նույն օդանավով են Երեւանից մեկնել Փարիզ, որտեղից էլ հասել են Ստրասբուրգ՝ մի մասը ինքնաթիռով, մի մասը գնացքով:

Դեռ նախօրեին ընդդիմության ներկայացուցիչներն ասել են, որ Ստրասբուրգում մտադիր չեն հակամարտության մեջ մտնել հայկական մյուս պատվիրակության հետ, իրենց նպատակն է առարկայորեն ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի տեսակետները եւ Հայաստանում տիրող իրավիճակը:

«Շատ վատ կլինի, եթե Հայաստանի պատվիրակությունը զրկվի ձայնից, բայց դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող ռեժիմի վրա», - ասել է Արման Գրիգորյանը:

Մինչդեռ, իշխող կոալիցիայի պատգամավոր, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ավետ Ադոնցը կարծիք է հայտնել, որ պատվիրակությունն, այնուամենայնիվ, ձայնից չի զրկվի:

«Կարծում եմ, մեր բացատրական աշխատանքի արդյունքում Խորհրդարանական վեհաժողովը չի դիմի այդ սանկցիային», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ադոնցը:

1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի քննարկումը նախատեսված է վաղը՝ հունվարի 27-ին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG