Մատչելիության հղումներ

logo-print

Սամվել Նիկոյան. «Չերյոմուխա-7» կիրառած ենթասպաներին «պարտավոր ենք քրեական պատասխանատվության ենթարկել»


Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվեցին «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» հատուկ միջոցների վերաբերյալ տեխնիկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ ցուցարարների դեմ ոստիկանության զորքերի օգտագործած գազային փամփուշտները կիրառության համար պիտանի չեն: Փորձաքննությունը ներկայացրել է նաեւ այս զինատեսակների օգտագործման կանոնները:

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրեց «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» հատուկ միջոցների վերաբերյալ տեխնիկական փորձաքննության արդյունքները, որոնք Ռուսաստանի «Հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումն ուղարկել էր հատուկ քննչական ծառայությանը, իսկ վերջինս` խորհրդարանական հանձնաժողովին:

Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ եղած գազային փամփուշտները արտադրված են 1986 եւ 1989 թվականներին, մինչդեռ, փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ դրանց պահպանման առավելագույն ժամկետը` 5 տարին է: Այդուհանդերձ, նշվում է, որ «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» տեսակի գազային նռնակով ժամկետանց փամփուշտների կիրառումը մարդկանց դեմ վնաս չի պատճառում նրանց առողջությանը եւ կյանքին:

Սամվել Նիկոյանը ներկայացրեց նաեւ այս հատուկ միջոցի օգտագործման կանոնները: Ըստ փորձագետների տրամադրած տվյալների՝ «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7M» տեսակի գազային նռնակով փամփուշտների կիրառման ժամանակ արգելվում է անմիջապես մարդկանց վրա կրակելը: Կրակը կարող է արձակվել իրավախախտների մոտ գտնվող տեղանքի կամ օբյեկտների վրա: «Չերյոմուխա-7» գազային փամփուշտների օգտագործումը բաց տարածության մեջ չի արգելվում:

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ «Չերյոմուխա 7» կիրառած ոստիկանները խախտել են այս հատուկ միջոցի օգտագործման կանոնները:

«Չերյոմուխա-7» կիրառած ենթասպաներին պարտավոր ենք քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ խախտել են օգտագործման անվտանգության կանոնները», - ասաց Նիկոյանը:

«Հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորումը նաեւ տեղեկացրել է, որ իրավասու չէ անցկացնել ձգաբանական փորձաքննություն եւ տեղեկատվություն չունի տվյալ տեսակի փամփուշտների եւ զենքի նույնականացման մեթոդների վերաբերյալ եւ առաջարկել է այդ հարցերով դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոն:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG