Մատչելիության հղումներ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսյօր հայտարարեց, թե իրենք չունեն տեղեկատվություն, որ վերջերս Հայաստանի բանկային համակարգում արձանագրվել է խոշոր ծավալների փողերի լվացման դեպք` իրականությանը չհամապատասխանող որակելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, խոսքը Կիպրոսից բերված 95 միլիոն դոլարի մասին է: Այսօրվա համարում թերթը գրում է, թե Կենտրոնական բանկը ֆիքսել է այդ լվացումը եւ տեղյակ պահել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս, իր հերթին, դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ըստ թերթի, դատախազությունում գործը ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ լվացմանը իր գործուն մասնակցությունն ունի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ընդհանրապես այդպիսի խոշորածավալ փողերի շարժ դեպի Հայաստանի Հանրապետություն` որեւէ հաշիվ եւ այդ հաշվից ուրիշ հաշիվների, մինչեւ այսօր արձանագրված չի Կենտրոնական բանկում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ջավադյանը: - «Այդպիսի դեպքեր եղել են Հայաստանի Հանրապետությունում, որոնց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, եւ համապատասխան վարույթներ են անցել, եւ գործերը քննվել են դատարանում: Այդ դեպքի առնչությամբ միանշանակ ասում եմ, որ այսպիսի ինֆորմացիա չկա, սա զրպարտություն է, եւ ընդհանրապես այս ծավալի գործարք Հայաստանի Հանրապետությունով, բանկային համակարգով չի կատարվել, ասենք` օֆշորից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգյսանը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակ գործելու է վաղվանից:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, գլխավոր իրավախորհրդատու Փիրուզ Սարգսյանին Հայաստանի ֆինանսական հաշտարար է ընտրել գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը:

Կառույցի ստեղծման նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Գրասենյակի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Կենտրոնական բանկի, կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ֆինանսական կազմակերպությունները չեն կարող վիճարկել հաշտարարի որոշումները դատարանում, ինչը, սակայն, կարող է անել սպառողը:

Հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումն իրականացնելու են ֆինանսական կազմակերպությունները. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, սակայն, վստահեցրեց, թե նույնիսկ այս պարագայում չի կարելի կասկածի տակ դնել կառույցի անկախությունը:

Փիրուզ Սարգսյանը ներկայացրեց, թե որ ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդները կարող են պահանջներ ներկայացնել. - «Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող կազմակերպությունները, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառք իրականացնող անձինք եւ դրամական փոխանցումներ իրականցնող անձինք»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG